Արմինե Միսակյանը գրում է․ «Մետրոյի կայարանում լույսի պես սիրուն մի պատանի, մոտ 2 մետր հասակով, աչքիս առաջ գունատվեց ու դալար ճյուղի պես թեքվելով պատին սկսեց սահել վար: Էսկալատրի վերևից առաջին օգնության հրահանգները գոռալով վազեցի, հասա, պառկեցրինք գետնին, մի 20 վայրկյանից աչքերը պղտոր հայացքով բացեց, նայեց շուրջը հավաքված օգնողների «շուխուրչի» բանակին ամոթխած ժպտալով փորձեց տեղից բարձրանալ:
Մեկ էլ ժողովուրդը վրա տվեց.« ոչ՜ մի դեպքում, խելոք պառկի»։ Խեղճ երեխեն անծպտուն ենթարկվեց ջիգյարով ամբոխի հրամանին։ 17 տարեկան էր, ատամնաբույժի մոտից էր գալիս, ծնոտը ուռած էր, մեղմ ժպիտով պատմեց, որ շատ ցավազրկող են ներարկել ու շատ ցավեր է ունեցել:
Պայուսակս մի կողմ նետած` ծնկել եմ գետնին, ձեռքիս ափով պահել եմ գլուխը, որ չկպնի սառը գետնին, մյուս ձեռքով էլ շոյում եմ սառը քրտինք պատած ճակատը , հուզմունքը հասել ա կոկորդիս ու զգում եմ , որ արցունքներս անկառավարելի հոսում են աչքերիցս։
Ասես հասկանար հուզումս, փակ աչքերով վայելում էր մամայական գորովանքս։ Աստվա՜ծ իմ, ինչ թանկ են էս տղերքը, էս´ մատղաշ առյուծները, որ գնում ու մեր համար սահման են պահում, երկիր´ են պահում իրենց թանկ կյանքի գնով։ Նշխարք եք դառել, էլ չպակասե´ք բալեք»։