Չեմ մոռանա Սերգոյի տաք, մարդկային վերաբերմունքն իր գործընկերների ու ուսանողների նկատմամբ․ հուզիչ անդրադարձ Սերգո Երիցյանի մարդկային արժանիքներին

ՀՊՄՀ լրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը գրում է․ «Ավագ ընկերոջս ու մեծահարգ գործընկերոջս՝ Սերգո Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ իմ ցավակցական խոսքն եմ հղում տիկին Կարինեին, իրենց զավակներին ու հարազատներին։ Մեր հանրային կյանքում ոչ բոլորի թողած հետքն է մնում անփոխարինելի։

Այդ եզակի մասնագետներից էր հայտնի հեռուստալրագրող, լրագրության պատմաբան ու տեսաբան, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոս, բազմաթիվ գիտական, հրապարակախոսական հոդվածների, գրքերի, հեռուստահաղորդումների ու հեռուստաֆիլմերի հեղինակ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։

Նա ոչ միայն փայլուն հեռուստալրագրող էր, այլև լրագրության լուրջ տեսաբան, մարդ, որն իր բարձր գիտելիքներն ու հմտությունները սիրով փոխանցում էր ուսանողներին՝ նրանց ավելի արհեստավարժ և խոսքի հանդեպ ավելի պատասխանատու մասնագետներ տեսնելու ակնկալիքով։ Սերգո Երիցյանի մենագրություններն ու ուսումնամեթոդական ձեռնարկները մշտապես փնտրված տեղ ու արժեք ունեն լրագրության բարդ ու հարափոփոխ ոլորտի համակարգված ուսուցման գործում։

Բազմաթիվ երիտասարդ մասնագետների թեկնածուական ատենախոսություններ է ղեկավարել Սերգո Երիցյանը, միջազգային ականավոր տեսաբանների ու հանրահայտ լրագրողների գրքեր թարգմանել՝ հարստացնելով լրագրողական կրթության գրադարանը։

Չեմ մոռանա Սերգոյի տաք, մարդկային վերաբերմունքն իր գործընկերների ու ուսանողների նկատմամբ, դիպուկ խորհուրդները զանազան գիտաուսումնական և մանկավարժական խնդիրներ քննարկելիս, բազում ուսանողական պրակտիկ-ուսումնական արշավները հանրապետության մարզեր։ Վերջին անգամ նրան տեսա հենց այդ հաճելի նախապատրաստությունների օրերին։ Աստված լուսավորի Սերգոյի հոգին։ Խունկ ու խոնարհում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: