Գրող Մարգարետ Դերանկը գրել է․ «Շատ ջուր է հոսել էն օրերից, բայց ուզում եմ ներկայացնել, թե ինչպես էր լուսահոգի մայրս պաշտում մեծ դերասան Մհեր Մկրտչյանին նաև Նրա հետ իմ պատահական հանդիպման մասին։ Մարդիկ Երեւանից գնում էին Գյումրի` Ֆրունզիկի երկու լավագույն դերակատարումները տեսնելու:
Դրանցից մեկը Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» կատակերգությունն է, որի գլխավոր հերոսներից՝ Տրnւֆալդինոյի Ֆրունզիկ Մկրտչյանի մեկնաբանության համբավն իսկապես հասել էր Երեւան։ Մայրս մեկն էր նրանցից, որ հատուկ մեկնեց Գյումրի, հյուրընկալեց ընկերուհու տանը, որ ականատես լինի այդ ներկայացմանը ու մի ամբողջ կյանք դրա ազդեցության տակ էր։
Հիշում եմ դեպք, երբ մոսկովյան կենտրոնական ալիքով հեռուստացույցով ինքնամոռաց դիտում էի Արկադի Ռայկիինի որդու Կոնստատին Ռայկինի կատարմամբ Տրուֆալդինոյի դերը «Երկու Տիրոջ Ծառան» ներկայացումը , մայրս անընդհատ խանգարում էր ինձ, փչացնելով հաճույքս. «Հեչ լավ չի խաղում, Հե~յ գիտի խաղը Ֆրունզի խաղն էր»։
Ստացվում էր այնպես, որ մեկ տարի շարունակ 1993թ առավոտյան 9-10 կողմերում հաճախ հանդիպում էի Նրան, նախկին Մարքսի փողոցի տարբեր հատվածներում։ Ֆրունզիկ Մկրտչյանը արդեն հիմնադրել էր «Արտիստական Թատրոնը», ենթադրում եմ, որ նա թատրոն էր գնում, ես էլ գործերով գնում էի Մարքս փողոցի վրա գտնվող «Առեւտրի Տունը»։ Քայլվածքից, դեմքի արտահայտությունից երեւում էր, որ շատ մտահոգված էր։ Քաղաքը խոսում էր նրա որդու` Վահագի անբուժելի ժառանգական հիվանդության մասին։ Մտածում էի` այդ պատճառով մշտապես տխուր էր։
Հանդիպումներին սկզբում զուսպ պատասխանում էր բարեւիս, իսկ հետո ինձ տեսնելուց կարծես ուրախանում էր, ժպալով ընդունում էր բարեւս, կամ ինքն էր բարեւում։ Նոյեմբեր կեսերն էին։ Այդ օրը զմայված դիտում էի կճուճով ջուր ծախողի գողտրիկ արձանը։ Հիմա չգիտեմ, թե որտե՞ղ է գտնվում քանդակը, բայց էդ ժամանակ գտնվում էր Մարքսի վրա, դեպի Սունդուկյանի թատրոնը տանող ծառուղու հենց սկզբին։
— Սիրուն ջան, կռնա եղնի արվեստագետ ես։
Հանկարծակի շուռ եկա, ապշեցի, հարցնողը Ֆրունզե Մկրտչանն է։
-Ընդհակառակը,- պատասխանեցի շփոթված։
-Աղջիկ ջան, ընդհագառակը ո՞րն է։
-Գլխ. հաշվապահ եմ։
-Լու՞րջ, կատակ կենեսս։ Ես էլ ըսի, կամ նկարիչ ես, կամ լրագրող։
Զրույցի բռնվեցինք, ասացի, որ մամաս ուղղակի պաշտում է իրեն Նա էլ, թե «Կարգին Ճաշակով Մեր ունիս։
— Իսկ դու՞ կհավնիս խաղս։
— Վարպետ ջան, տեսել եմ Ձեզ թատրոնի Համամիութենական Փառատոնի ժամանակ, տեսել եմ «Խաթաբալադայում» Զամբախովի դերում- շատ տպավորված եմ, պետք է գամ «Արտիստական թատրոն» եւ դիտեմ «Հացթուխի կինը» ներկայացումը։
— Ինձի Վարպետ մի ըսե, ինձ էնքան բիձա կզգամ։
Բաժանումից առաջ ասաց.
— Շատ սիրուն հայերենով կխոսաս, վայ թե վերջը գրող էխնիս։
Մեկ ու կես ամիս հետո, դեկտեմբերի 29-ը, քաղաքով մեկ տարածվեց նրա վախճանի լուրը: Այդ օրը հրապարակում ՝ օպերայի դիմաց սկսել էին զարդարել ամանորյա տոնածառը: Ցուրտ օր էր, եւ տոնածառն էին զարդարում հրապարակում:
Համարյա երեսուն տարի է անցել, բայց այդ ափսոսանքը սրտիս մեջ է, դեռ ինչքան շատ բան կարող էր անել այդ մեծ- մեծ արվեստագետը։ Կարծես թե յուրաքանչյուր մարդու կյանքը սկսվում է միայն իր համար, բայց ահա նրա նման տաղանդի կյանքը բոլորինը դարձավ, եւ ինքը դա շռայլորեն նվիրեց մարդկանց»։