Վահրամ Թոքմաջյանը գրում է․ «Օրեր առաջ, մարզային հերթական այցերից մեկի ժամանակ, կանգնեցինք գյուղական մի խանութի մոտ՝ ջուր–ջերմուկ գնելու։ Դրամարկղի մոտ կանգնած էր կյանքի տառապանքներն ու սոցիալական անարդարությունը կրող մի կին՝ մոտ երեք տարեկան աղջիկ երեխայի հետ։ Հաց, լոբի, մանր–մունր բաներ էր վերցրել։ Ընդհանուր գումարը կազմում էր 3170 դրամ։ Մոտը 3000 դրամ էր։ Խնդրեց 170 դրամը հետո բերել, իսկ երբ վաճառողուհին համաձայնեց, դողդոջուն ու անվստահ ձայնով երեք հատ էլ ձու խնդրեց՝ կրկին գումարը հետո բերելու պայմանով․
–Մնացիր 320 դրամ,–տետրի մեջ նշում անելով, ասաց վաճառողուհին։
Այդ ամբողջ ընթացքում, փոքրիկը խիստ կարոտով շոշափում էր ցուցափեղկի ներքևում դրված, գունավոր տուփով մի քաղցրավենիք։ Ակնհայտ էր, որ երեխան ուզում է դա ու վաղուց չի ճաշակել, իսկ քաղցրավենիքի սիրուն ձևավորումը էլ ավելի էր գրգռում փոքրիկի ցանկությունը։ Նա երկար շոշափում էր, վախվորած ձեռքը մոտեցնում, հետո կարծես(տարիքին ոչ համահունչ) գիտակցելով իր սոցիալական վիճակը, ձեռքը նորից հետ քաշում։ Քաղցրավենիքի հետևում շարված էին ոչ պակաս գրավիչ տեսքով այլ կոնֆետներ։ Մի պահ անգամ, նա վարանելով վերցրեց դրանցից մեկը, բայց հետո տեղը դրեց։ Ներքին կռիվ էր փոքրիկի մոտ՝ վերցնել աննկատ, թե ոչ։
Հերթի մեջ կանգնած էր նաեւ միջին տարիքի մի տղամարդ։ Նա էլ ինձ հետ ուշադիր նայում էր փոքրիկին։ Պստոյի աչուկներն այդ պահին չէինք կարող տեսնել, քանի որ մեջքով էր ու գլխարկն աչքերին իջեցրած։ Վաճառողուհին տղամարդուն սպասարկեց արտահերթ ու մանրը վերադարձրեց։ Այդ պահին, տղամարդը վերցրեց էն սիրուն տուփով քաղցրավենիքը, վճարեց դրա համար ու տվեց փոքրիկին․
–Էս քեզ, պստո,–ասելով արագ դուրս եկավ։
Այդտեղ արդեն տեսա փոքրիկի երջանիկ աչքերը, որոնք այդ դրվագային բարությունից լցվեցին արևավառ ջերմությամբ։ Տղամարդը փաստացի, մի պստոյի «ստիպեց», որ անկախ վիճակից հավատա հրաշքներին, որ էս աշխարհում բարի մարդիկ կան, որ էդ պստոյի պահի երազանքը՝ մեզ համար կարող է կենցաղ թվացող, կարող է ի կատար ածվել եւ որ գողանալ չի կարելի»։