Տաղանդավոր գրող Ռուբեն Հովսեփյանի տարեդարձի առիթով ժամանակակից հեղինակ Անուշ Սարգսյանը գրում է․ «Ֆեյսբուքում Ռուբեն Հովսեփյանին ընկերացա լրիվ պատահաբար: Հայտ եկավ իրենից։ Ինձնից գոհ ու ինքս ինձ արժևորած՝ ընդունեցի:
Տես, է՜` ով է ինձ հայտ ուղարկում։ Չանցած մեկ օր՝ իր գրառումը տեսա լրահոսում, թե էջը վնասված է, ու անհայտ մարդիկ իր անունից հայտեր են ուղարկել: Ներողություն էր խնդրում թյուրիմացության համար։ Սիրտս կախ՝ գրառման տակ գրեցի.
-Ո՜նց եմ ափսոսում, որ հայտի հեղինակը Դուք չեք:
Պատասխանեց.
-Արդեն ես եմ:
Ինչքա՜ն նրբանկատություն ու մեծություն կար իր մեջ։ Բացի իր տաղանդից։ Իր անչափելի լույսից։ Ֆեյսբուքը հիշեցնում է․ յոթ տարի է անցել։ Նա դեռ ընկերացանկիս պատվավոր տեղում է։ Նրա «Նռներ»֊ը անջնջելի տպավորություն է թողել ինձ վրա։
Իսկ ֆեյսբուքյան հրապարակումներիս երբեմն դրած լայքերն ասես բուհի պետական ավարտական քննության ամենաբարձր գնահատականներ լինեն, որ պահում եմ առանձին հոգածությամբ։ Ծնունդդ շնորհավոր, Վարպետ։ Լույսդ` անմար»։