Հայ թատրոնի համար կարևոր ներդրում արած Մեջլումյան Գրետան արդեն հիսուն տարուց ավելի է, ինչ բեմում ու թատրոնում է որպես արտիստուհի ու դասախոս։ Վաստակավոր արտիստուհուն ու արվեստի նվիրյալին տարեդարձի առիթով իրենց սրտի խոսքն են ասել ոլորտի հայտնի ու հեղինակավոր ներկայացուցիչները։
Գրող-բեմադրիչ Էլֆիկ Զոհրաբյանը գրել է․ «Այսօր իմ հոբելյար-Ուսուցչի, իմ ու իր բազմաթիվ սաների և ուսանողների կյանքում մասնագիտական առումով ուղենիշային, խոսքի վարպետ, հանրապետական ու միջազգային տարբեր մրցանակների արժանացած, բայց դրանք երբեք չկարևորող, հավատարիմ ավագ ընկերոջ, երբեք իր սկզբունքներին չդավաճանած, արժանապատիվ հայուհու, իր ներկայությամբ բոլոր ներկայացումները զարդարող (Վանաձորում շատ դահլիճներ լցվում էին հատկապես երբ նա էր խաղում, իր խաղին սիրահարված մի ամբողջ սերունդ գիտենք)։
Թատերական մանկավարժության մեջ ահռելի գործ անող, հայեցի ճիշտ ու գրագետ խոսքի համար պայքարող, դերի խոսքի տիպականացման վարպետությունը ցուցանող լավագույն մասնագետներից, իմաստավորված մենությունը անմիտ-դատարկախոս շփումներից գերադասող, «Բեմական խոսքի» մնայուն, լուրջ աշխատության հեղինակ, հայ մշակույթի մեջ իրոք վաստակ բերած, իմ ու շատերի սիրելի Գրետա Մեջլումյանի հոբելյանն է (իհարկե, նա չի սիրում, երբ իրեն հրապարակային գովում են, խուսափում է մեծարանքային արարողակարգերից. հիշում եմ՝ մի կերպ համոզեցին, որ գնա, իր մրցանակներից մեկը ստանալու):
Գիտեմ՝ իմ այս գրածին էլ դեմ կլինի, բայց չէի կարող չգրել. դա կլիներ գնահատման կուլտուրայի իսպառ բացակայություն, կլիներ արժեքաբանական համակարգ չունենալ: Թե նա ինչպես է աշխատում ուսանողի հետ, դերի վրա կամ իր ցանկացած ձեռնարկած գործը ոնց է անում անում, մե՛նք լավ գիտենք։ Արվեստագետի այս տեսակից քիչ կա։ Ամուր առողջություն, մեր երկրին ամրություն, որ Դուք էլ սիրտ ունենաք ստեղծագործելու կամ ինչ-որ նոր բան անելու, տիկին Մեջլումյան ջան։ Շնորհավորում եմ»։