Մտավորական Ազատ Աբրահամյանը գրում է․ «Ինտերնետային կայքերից մեկի հրապարակումներում կարդում եմ, իբր՝ «Մարդիկ, ովքեր խոսում ու բողոքում են իրենց հոգսերից,մռայլ կամ դժգոհ են, և այլն, և այլն, հեռացրեք նրանց ձեր շրջապատից, քանզի նրանք բացասական էներգիա են փոխանցում՝ խլելով ձեր իսկ դրական էներգիան…»։
Մարդուն լսելու, կարեկցելու, աջակցելու մշակույթը՝ Խորհրդային Միության կարևորագույն պահանջներից էր։ Եղբայր՝ լսում էինք, աջակցում, հուսապնդող խոսքեր էինք ասում, և երբ հաջողվում էր պիտանի լինել՝ հակառակը, մի բան էլ դրական լիցքերով էինք լցվում։
Էսօր, արի տես, միայն ջանուջիգյար անողների հետ պիտի շփվե՜ս, քեզ շրջապատես (կապ չունի՝ աներե՜ս է, տգե՜տ է, շողոքո՜րթ է…) չաղ-չաղ բաներից գլուխ գովացողներո՜վ, մեծ-մեծ փրթող ինքնակոչերո՜վ, կարգին ավտոներ քշողներով, ու էդպես։
Մեր օրերի «դրականները» սրանք են։ Փաստորեն ստացվում է, որ մեր ազգաբնակչության (չասեմ մեծ մասը) զգալի մի հատված պետք է զրկված լինի հանրային բոլոր շփումներից, չունենա ոչ հարազատ, ոչ բարեկամ, ոչ ընկեր, ոչ մտերիմ։ Ովքե՞ր են էս տխմարության շահառուները։ Փորձեք գուշակել։
Նման միջոցներով քարուքանդ են անում հանրություն կոչվածի միասնականությունը, արժեքները, մշակույթն ու ավանդույթները։ Ես չեմ փոխվել։ Նույնիսկ իմ ամենադժվար պահերին պատրաստ եմ՝ լսել, աջակցել ինչով կարող եմ, ու դրականապես բավարարված կզգամ ինձ, եթե կարողանամ պիտանի լինել։ Սոցցանցային կործանարար ազդեցություններից ձերբազատվեք, հարգելիներ։
Ինքնամեծարումներից ու մեծամտություններից հրաժարվեք։ Լսել սովորեք նրանց, ովքեր անշահախնդիր են, նվիրյալներ են, հավատարիմներ, այլապես քիչ ժամանակ է մնացել»