Վահե Աղաջանյանը գրել է․ «Երեկ Ադրբեջանը արգելափակեց Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը, ինչը նշանակում է, որ եթե մինչև այս պահը հնարավորություն կար Արցախ մտցնել թեկուզ քիչ քանակությամբ սնունդ, դեղորայք, ապա արդեն դա էլ չկա։
Իլհամ Ալիևի գործողությունները ցույց են տալիս ընդամենը մեկ բան՝ նրա վրա միջազգային ճնշում ասվածը չի գործում կամ եթե անկեղծ լինենք, ապա նման ճնշում չկա էլ։ Խոսքը Հաագայի դատարանի ինչ-որ վճիռների, ԵՄ ինչ-որ պաշտոնյաների հայտարարությունների մասին է։ Մեր հանրության բավականին լայն շերտի կերակրել են նման հեքիաթներով և կտրել են իրականությունից։ Հաագայի դատարանի վճիռները չեն կատարվում և չեն կատարվելու, եվրոպացի որևէ պաշտոնյայի կոչ գրոշի արժեք ունի։
Ոչ մի միջազգային մեխանիզմ Լեռնային Ղարաբաղ չի մտնելու։ Դադարեցրեք այդ հեքիաթները։ 44-օրյա պատերազմը մեզ պետք է դաս լիներ սթափվելու համար, բայց կարծես թե այդ ապտակն էլ սթափեցնող չեղավ։ ԱՄՆ-ում վեր ընգած ինչ-որ լրագրողներ 24-ժամյա ռեժիմով մարդկանց կերակրում են հեքիաթներ։ Վստահաբար, նրանք դրա համար վարձատրվում են, սակայն իրականությունը այն է, որ հասարակությունը բթանում է և սկսում է ապրել լրիվ այլ իրականության մեջ։
Տարածքներ ենք կորցնելու, զոհեր ենք ունենալու, քանի դեռ իրավիճակը այն է, ինչ կա։ Նիկոլ Փաշինյանը օր շուտ պետք է գիտակցի, որ իր որդեգրած քաղաքականությունը տանում է դեպի նոր պատերազմ ու կործանում։ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը պետք է կանգ առնեն։ Իլհամ Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում չլինի իշխանություն, որը նրա ատամները կջարդի։ Սա է իրականությունը։
Որպես պետություն մեզ հիմա չեն հարգում ոչ Ռուսաստանում, ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ որևէ այլ աշխարհաքաղաքական կենտրոնում։ Թե ինչու՞ է դա այդպես, այ դրա մասին շատ խորը պետք է մտածենք։ Ինչու՞ պետք է մեզ հարգեն, մեզ հետ ուզենան դաշնակցել, եթե նույն Ռուսաստանը, նույն ԱՄՆ-ը, նույն եվրոպական երկրները տեսնում են, որ պատերազմում պարտված երկիրը պատերազմից 2 տարի անց էլ թքած ունի իր բանակի, իր սահմանների վրա և զբաղված է միայն ներքին՝ կեղծ օրակարգերով։ Մենք ոչ մի երկրից պահանջելու ոչինչ չունենք, քանի որ մենք մեզ չենք հարգում, ուր մնաց, թե ուրիշները հարգեն։