ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը գրել է․ «Ալավերդի համայնքի Ծաղկաշատ բնակավայրում գրեթե ողջ գյուղի բնակչության անունից կազմակերպվել է ստորագրահավաք և փոխանցվել ինձ` գյուղ տանող ճանապարհի հիմնանորոգման դիմումով։
Երեկ այցելել եմ գյուղ, լսել բնակիչներին։ Առաջիկա օրերին ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանին կփոխանցեմ ծաղկաշատցիների դիմումը և ստորագրությունները, հետադարձ կապով տեղյակ կպահեմ հետագա զարգացումներից։
312 բնակիչ ունեցող գյուղ տանող շուրջ 9 կմ ճանապարհը հիմնանորոգվել է 40 տարի առաջ` 1983 թվականին: Վերջին 16 տարում գյուղի բնակչությունը շուրջ կիսով չափ նվազել է` մեծապես ճանապարհի գրեթե անանցանելի վիճակի պատճառով։
Հավելեմ, որ Ծաղկաշատից դեպի Ենոքավան հեռավորությունը շուրջ 20 կմ է, կա գրունտային ճանապարհ։ Ծաղկաշատ տանող ճանապարհի հիմնանորոգումը կարող է խթան հանդիսանալ այն հետագայում դեպի Ենոքավան շարունակելու, ինչը Տավուշը և Լոռին իրար կապող նոր և ռազմավարական նշանակության ճանապարհ կարող է դառնալ»,- իր գրառումը եզրափակել է Մկրտչյան Արենը։