Օրեր առաջ ես և ընկերս` Երվանդ Հակոբյանը, ավտովթարից տուժել ենք և պարզապես հրաշքով ենք փրկվել մահից կամ հաշմանդամությունից․․․ Դավիթ Սարգսյանը մանրամասներ է հայտնում

Հաղորդավար Դավիթ Սարգսյանը գրել է․ «Հարգելի՜ բարեկամներ, ինչպես հավանաբար արդեն գիտեք, օրեր առաջ ես և ընկերս` Երվանդ Հակոբյանը, ավտովթարից տուժել ենք և պարզապես հրաշքով ենք փրկվել մահից կամ հաշմանդամությունից: Վթարի մասին տեսանյութերում ու լուսանկարներում հավանաբար տեսել եք Երևան-Գյումրի միջպետական նշանակության ավտոճանապարհի այդ հատվածում` Բենիամին գյուղի վարչական տարածքում, առկա սարսափելի խոր փոսերը:

Վթարին հաջորդած ժամերին հարյուրավոր վարորդներ, որոնք երթևեկում էին այդ հատվածով, մեզ պատմեցին, որ հենց այդտեղ իրենք էլ են հազիվ փրկվել մահից, և կամ իրենց մեքենաները մի լավ վնասել են: Նրանցից որևէ մեկը որևէ փոխհատուցում չի ստացել:

Չնայած համառ ջանքերիս՝ չեն փոխհատուցելու նաև ինձ, այն դեպքում, երբ սահմանված արագությամբ երթևեկելիս խոր փոսն ընկնելու, մեքենայի անվադողն ու անվահեծը վնասելու, ապա վթարային իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու` մեքենաս ոչ թե դեպի հանդիպակաց գոտի կամ մոտակա ձորակը, այլ դեպի բետոնե արգելապատնեշ ուղղորդելու և այդպիսով կոշտ կանգառ կատարելու պատճառով, նախնական հաշվումներով, մոտ երկու միլիոն դրամի նյութական վնաս եմ կրել` շարժիչի վնասումից սկսած:

Հնարավոր փոխհատուցման միակ օղակը դատականն է, որը ձգվում է տարիներով, խիստ ռեսուրսատար է և, որպես կանոն, անարդյունավետ: Հայաստանում նման աղետաբեր հատվածները միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շատ են: Պետք է կանխել այս մահաբեր ընթացքը:

Ես հրապարակավ խնդրում եմ իմ բոլոր գործընկեր խմբագիրներին ու լրագրողներին, հասարակական գործիչներին ու կարծիքի առաջնորդներին անդրադառնալ այս թեմային, կանխել մեր հազարավոր քաղաքացիների գլխին կախված վտանգը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, նրան ենթակա «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը, և կոնկրետ այս դեպքում` ճանապարհն սպասարկող չինական «Սինոհիդրո քորփորեյշն» ընկերությունը, պետք է նյութական և բարոյական պատասխանատվություն կրեն իմ և այլոց հետ տեղի ունեցած նման միջադեպերի համար»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: