«Չորուցամաքություններն էսօր պահանջվածների «թոփ-տասնյակներում» են, անիմաստ ու անբովանդակ խզբզանքները՝ լեփ-լեցուն դահլիճներում, և․․․»

Հեղինակ-կատարող, մտավորական Ազատ Աբրահամյանը գրում է․ «Ես սիրո մասին եմ երգում։ Երգում եմ էն ամենից, որոնցում խիղճ կա, սեր կա, հավատարմություն, ու էլի լիքը ուրիշ սիրուն բաներ։ Ես երգիչ չեմ։ Չնայած միշտ ինձ երգիչ են ներկայացրել։ Հեղինակ-կատարող եմ։ Իսկ էդ, մեղմ ասած, փոքր ինչ այլ բան է։

Սեր եմ երգում, որովհետև էդ հրաշագործության մեջ են էս աշխարհի բոլոր գունագեղությունները։ Որովհետև՝ Սեր ենք կոչում, երբ խոսում ենք սրբություններից, երբ արտաբերում ենք՝ «Մայր Հայաստան», երբ պատվում ու մեծարում ենք մեր ծնողներին, մեր կանանց, թանկագիններ անվանում մեր զավակներին։ Էսօրվա աշխարհին նայելով մտքիս բան չի գալիս։

Չորուցամաքություններն էսօր պահանջվածների «թոփ-տասնյակներում» են, անիմաստ ու անբովանդակ խզբզանքները՝ լեփ-լեցուն դահլիճներում, և բուռն ծափահարություններն էլ առատաձեռն վճարում են դրանց դիմաց։ Էս «մտածված» չորուցամաքությունները ծախեցին, և դու դրանց դիմաց հոժարաբար վճարեցիր, սիրելի Ժամանակակից։

Ու էսօր սիրո մասին երգածը՝ սիրո նման չէ, որովհետև վարժեցվել է փող աշխատելուն։ Էն, որ ասում եք մարդն ու աշխարհը փոխվել են, այ՝ էս ամենում որոնեք։ Քույր-եղբայր, ծնող-զավակ, ընկեր-մտերիմ, հարևան-համաքաղաքացի, բա չփոխվե՞ն, չուրիշանա՞ն, չանտարբերանա՞ն։

Չորուցամաքությունների մեջ՝ բա հայրենիք ու հայրենասիրություն չուրացվե՞ն, չդավաճանվե՞ն։ Ու էս ամենում ապրում ենք՝ ինքներս մեզ ստելով։ Եվ զզվելի է էս ամենը։ Խոսքերս աշխարհը չեն փոխի։ Ինչպես և շնորհներից հյուսված ու մոդաներից հետ մնացած սիրո երգերը։ Որովհետև չորուցամաքությունների դիմաց մարդկությունն առատաձեռն է վճարում, «աշխարհի տերերը»՝ սիրահոժար»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: