Նարին Փայլակյանը գրում է․ «Վերջերս համացանցում հաճախ էր հանդիպում տարբեր գույնի կոշիկներով, վառ հագուստով «երիտասարդ» ծերուկի լուսանկարը։ Մտածում էի, որ նա պարզապես նորաձևության որեւէ ապրանքանիշի մոդել է, բայց սխալվում էի։ Ծանոթացեք՝ Իտալացի (Ֆիորենտինա), ստեղծագործող, էսթետ, Վաննի Անտոնիո դե Ֆիլլիպպո։
Կանանց սրտերը գերող այս տարեց ջենթլմենը կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող il Bisonte (Bison) ապրանքանիշի հիմնադիրն ու սեփականատերն է։ Վառ, հյութեղ գույները, դրանց անսովոր համադրությունները Վանի Անտոնիո դի Ֆիլիպոյի անհատական ոճի այցեքարտն են։ Ոճաբանները նրան անվանում են նորաձեւության «Գույների Արքա»։
Միշտ պատրաստակամ, բարեհամբյուր խառնվածքի շնորհիվ Վանին ոչ միայն պրոֆեսիոնալ, այլ նաեւ փողոցային նկարիչների սիրելին է։ Վաննի Անտոնիոն համարձակորեն, կարծես թե «խաղում» է տղամարդկանց դասական հագուստ` «Շալվար + ժիլետ + բաճկոն» բանաձևով, դրանք համադրելով առօրյա, ազատ հագուստի հետ, իր վառ կերպարը լրացնելով զանազան գույնզգույն աքսեսուարներով` շարֆեր, ակնոցներ, գլխարկներ։
Վանին հմտորեն կարողանում է նույն հագուստն ու աքսեսուարները տարբեր անսամբլներում օգտագործել, այդպիսով ստեղծելով բոլորովին նոր կերպարներ։ Իհարկե Վանի Անտոնիոյի առանձնահատկությունն ու հմայքը միայն վառ հագուստները չեն։ Մոխրագույն մորուք, սիգար, խարիզմա…եւ ահա պատրաստ է չափավոր ծանր ու լուրջ ստեղծագործ և էսթետիկ կողմնորոշման տղամարդը»։