«Ադրբեջանը պետական մակարդակով օրակարգ է բերել տեղահանված ադրբեջանցիների` Հայաատան վերադառնալու հարցը․․․»

Վահե Աղաջանյանը գրում է․ «Ադրբեջանը պետական մակարդակով օրակարգ է բերել տեղահանված ադրբեջանցիների` Հայաատան վերադառնալու հարցը։ Խոսքը գնում է մի քանի հարյուր հազար մարդու մասին։ Ադրբեջանում Հայաստան բառն անգամ չեն էլ օգտագործում. Հայաստանի տարածքը թշնամի երկրում ներկայացվում է որպես արևմտյան Ադրբեջան։

Թեմային անդրադառնալով` Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում հայտարարեց, որ Հայաստանն էլ հաշվարկում է, թե որքան հայ է տեղահանվել Ադրբեջանից։ Այսինքն ի՞նչ է սա նշանակում։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ մի գեղեցիկ օր մարդկանց ասվելու է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, իսկ հայերն էլ թող վերադառնան Ադրբեջան։ Գուցե Հայաստանում, այսպես կոչված, շինարարական բումն էլ է այս հանգամանքով պայմանավորվա՞ծ։

Ադրբեջանը պետական մակարդակով շատ կոնկրետ գիծ է առաջ տանում և դա անում է տարբեր մարտավարությունների կիրառմամբ, սակայն, ցավոք, բայց ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանը չի կարողանում համարժեք պատասխանել Ադրբեջանին, ավելին` ԱԽ քարտուղարի մակարդակով արդեն խոսվում է Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավների մասին։

Ադրբեջանին հաջողվում է ավելի արագ կողմնորոշվել նաև աշխարհաքաղաքական փոփոխվող իրավիճակում. Ադրբեջանի դերը էլ ավելի է կարևորվում թե՜ Ռուսաստանի, թե՜ արևմտյան երկրների համար։ Ալիևին հաջողվում է հայ — ադրբեջանական խնդիրներին տալ աշխարհաքաղաքական երանգներ և Ռուսաստանում Հայաստանին ներկայացնել որպես երկիր, որը փորձում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, իսկ արևմտյան երկրներում Հայաստանը ներկայացնել որպես երկիր, որի միջոցով Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը ավելի քան 2 տարի ժամանակ է մսխել և դեռ շարունակում է մսխել։ Եթե որպես պետություն Հայաստանը չսթափվի, ապա չի կարողանալու դիմակայել այն մարտահրավերներին, որոնք արդեն առկա են և նրանց, որոնք նոր են ի հայտ գալու։ Խոսքը վերաբերում է նաև ռազմական պոտենցիալին, որի վերականգնման համար ևս Հայաստանը որևէ լուրջ քայլ չի իրականացնում, այնինչ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո լծվեց կորուստները վերականգնելու և բանակը վերազինելու գործին։

Հայաստանը չպետք է թույլ տա Ադրբեջանին օրակարգ թելադրել։ Պետք է շեղվել հասարակությանը միայն ներքին, երբեմն արհեստական օրակարգերով կերակրելու վտանգավոր ճանապարհից և լրջորեն զբաղվել պետական ու ազգային շահերի պաշտպանությամբ, բանակի վերազինմամբ, ինչպես նաև ճիշտ դիվանագիտություն վարել աշխարհաքաղաքական ուժերի ու տարածաշրջանային դերակատարների հետ՝ հաշվի առնելով փոփոխվող աշխարհակարգի ժամանակները, որում ապրում ենք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: