Հայկական փրկարարական խումբը շարունակում է պատվով իր առաքելությունը կատարել թուրքական տարածաշրջանում։ Հայկական խումբի արդյունավետ աշխատանքը համակարգում է Հայկ Դարբինյանը։ Նրա աշխատանքի կարևորության մասին Արշակ Գևորգյանը գրել է հետևյալը․
«Մի կիսակատակ պատկերացում կա, թե դիվանագետի կյանքը բաղկացած է պրոտոկոլից, ալկոհոլից ու Ջերիտոլից [սննդի յուրացմանն աջակցող վիտամինային հավելում]:
Դիվանագիտական աշխատանքի դարձերեսը, սակայն, հիմնականում մնում է աննկատ, երբեմն՝ անարդարացիորեն չգնահատված: Լուսանկարում Ընկերս է՝ ՀՀ ԱԳՆ աշխատակից Հայկ Դարբինյանը, որն այս օրերին Ադըյամանում փրկարար առաքելություն իրականացնող մեր փրկարարական թիմի կողքին է:
Տարրական հարմարություններից զուրկ պայմաններում նա օրուգիշեր անխոնջաբար համակարգում է ընթացող աշխատանքները՝ հնարավորն ու անհնարինն անելով մարդկային կյանքերի փրկության համար:
Այսօր՝ փրկարարական աշխատանքների 7-րդ օրը նաև նրա շնորհիվ փլատակների տակից ողջ-առողջ երկու աղջնակ է դուրս բերվել»,- իր գրառումը եզրափակել է Արշակ Գևորգյանը։