«Վերջերս` մինչև շրջափակումը, մոտս մի երեխա էին բերել, որը սովորում էր առաջին դասարանում և երկու ամիս դասի գնալուց հետո կտրականապես հրաժարվում էր դպրոց գնալ»

Սոֆյա Հովսեփյանը պատմում է․ «Վերջերս` մինչև շրջափակումը, մոտս մի երեխա էին բերել, որը սովորում էր առաջին դասարանում և երկու ամիս դասի գնալուց հետո կտրականապես հրաժարվում էր դպրոց գնալ։ (Դեպքը չեմ մանրամասնում, բայց եթե ես մի օր հնարավորությւոն ունենամ այդ դպրոցը կփակեմ, քանի որ կեղծ անուն հանած կառափնարան էր)։

Ասածս այլ բանի մասին է։ Մի ժպտերես ու ակտիվ աղջնա էր։ Զրուցեցինք, նկարեցինք, պատմեցինք, հետո պայմանավորվեցինք, որ պետք է հաջորդ օրը դպրոց գնա և այնուհետև ինձ պատմի, թե ինչպե՞ս անցավ դպրոցում իր օրը։ Պայմանավորվելուց հետո հարցրեց.

֊ Վա՞ղն էլ եմ գալու Ձեր մոտ։

Պատասխանեցի, որ ցավոք ոչ, քանի որ նախապես ծնողի հետ զրույցից գիտեի, որ չեն կարողանա և առաջարկեցի հեռախոսով զանգահարի և միասին զրուցենք։ Այդ առաջարկս իրեն ավելի ոգևորեց և աչքերը սկսեց փայլել ու ես շարունակեցի զրույցս.

֊ Սիրո՞ւմ ես հեռախոսով խոսել։

֊Շատ։

֊ Ու՞մ հետ ես խոսում։

֊ Տատիկիս (նշեց նաև անունը, բայց չեմ հիշում)։

֊ Որտե՞ղ է ապրում տատիկդ։

֊ Գյումրիում։

Օօօ, դե ինձ հարազատ Գյումրին լսեցի և ակամայից ուրախացած հարցրեցի.

֊ Փաստորեն դու էլ ես գյումրեցի՞։

֊ Չէ, ես գյումրեցի չեմ, պապաս ու մամաս են գյումրեցի, ես շուշեցի եմ, իմ տունը Շուշիում է։

Ու այնպիսի վճռական տոնով ասաց էդ «շուշեցի եմը», որ ակամայից ասացի.

֊ Վստահ եմ, մի օր կգնաս քո տուն։

Ու էս փոքրիկ, առաջին դասարանցի աղջնակը, պատասխանեց․

֊ Հա, գնալու եմ իմ տուն` Շուշի։

Անկեղծ ասած, այդ մտքին եմ եղել միշտ, որ Շուշի գնալու եմ, բայց էս փոքրիկի խոսելուց հետո, գուցե համարեք պաթոս, համարեք կեղծ պատրանք և այլն, այնքան վստահ եմ, որ Շուշի դեռ գնալու ենք ու ոչ միայն Շուշի։ Էս հավատով ապրենք ու ձգտենք հասնելուն»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: