Վահե Լորենցը գրել է․ «Թուրքիայում երկրաշարժից զոհվել է նաև հայուհի երգչուհի Զիլան Տիգրիսը։ Ցավում եմ։ Տաղանդավոր երգչուհի էր, հրաշալի հայուհի։ Նրան հանդիպել եմ մի քանի տարի առաջ՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում։ Ափսոս։ Եվ մի նկատողություն։ Շատերն են գրում թե երկրաշարժից Թուրքիայում տասնյակի չափ հայ է զոհվել, բերում են Պոլսի պատրիարքարանի տվյալները։ Կեղտոտ, զզվելի խաղը շարունակվում է, ով քրիստոնյա չէ՝ հայ չէ, հայ անբարո տերտերի հորինած կարգախոսը։
Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հայեր են տուժել, իսլամ հայեր, որոնք տասնյակ ու հարյուր հազարներով այդ շրջաններում բնակվում են։ Մանավանդ՝ Տիգրանակերտի շրջանում, նույն Ադիյաման, Քյահթա քաղաքներում, ուր մեծ է զոհերի թիվը, հայերի տեսակարար կշիռը բավական մեծ է, թե՛ քրիստոնյա, թե՛ մահմեդական հայերի։
Եվ մեկնաբանություններ եմ կարդում, թե ինչ գործ ունեն այնտեղ։ Նման անբարո եզներին բացատրեմ․ ձեր պապերը փամփերսը հագած՝ փախան հայրենիքից 1896 թվականին, 1915 թվականին, բայց կային հայեր, որոնք կառչեցին հայրենի հողին ու մնացին այնտեղ, թեկուզ կրոնափոխ լինելով՝ ապրեցին հայրենի հողում, և այսօր էլ միլիոնավոր նրանց ժառանգներ ապրում են։ Եվ չասեք թե Հայաստան չէ։ Մինչև 1991 թվականը Հայաստան պետություն չկար առհասարակ։ Եթե ձեզ համար Հայաստանի սահմանները նիկոլի գծած 29800 քառակուսի կիլոմետրն է, ինձ համար Հայաստանը ո՛չ միայն Լոռին ու Երևանն են, այլև՝ Ջավախքը, Վանը, Կիլիկիան, Խոյը, Գանձակը։
Խոսքս ամենևին թուրքերին կարեկցելու մասին չէ․ բնավ։ Խոսքս հայ լինելու և Հայաստան երկրին տեր լինելու մասին է։ Մինչդեռ արդեն քանի օր է՝ վիրտուալ ազգայնականություն եք խաղում, կամ վիրտուալ կարեկցանք։ Վիրտուալ իրար հայհոյում եք կամ վիրտուալ սեր ու ատելություն քարոզում։ Ամեն ինչ կարող եք, բայց միայն՝ խոսքով, իսկ գործով։
Արցախն արդեն երկու ամիս է շրջափակման մեջ է, արցախցին թշվառության մեջ միայնակ, լքված գոյապայքար է մղում, դուք էստեղ ծառի տակ նստած նապաստակ եք նկարում և իրար հայհոյում, թե պե՞տք է կարեկցել թուրքին թե՞ ոչ։ Թուրքը մեր կարեկցանքի կարիքը չունի։ Կարեկցանքի կարիք մենք ունենք, որ այսպիսին ենք»։