Բակուր Մելքոնյանը գրում է․ «Մոտ 1 տարի առաջ երիտասարդ ծանոթներիցս մեկին էի հանդիպել։ Շատ վրդովված էր, ջղայնացած իր մոտիկ ընկերոջ հետ կապված։ Ահագին խոսեցի հետ, խորհուրդ տվեցի անկեղծ խոսել ընկերոջ հետ, ասել ինչ մտածում է, լսել դիմացինին, փորձել հարթել տարաձայնությունները, պայքարել ընկերությունը պահպանելու համար։
2 օր առաջ նորից տեսա իրեն, գործնական մի թեմայով։ Հետաքրքվեցի ընկերոջ հետ հարաբերություններից։ Հիասթափված ձայնով ասեց. Նորմալ ա։ Հետո պաուզա տվեց, մտածեց ու շարունակեց. Բակուր ջան ոչ մի բան էլ նորմալ չի, բայց խնդրում եմ նորից չհամոզես վերականգնեմ հարաբերություններս իր հետ։ Կարճ ասեցի` իհարկե ոչ, ու անցա գործնական թեմային։
Երբ ավարտեցինք գործնական քննարկումը ու պիտի հրաժեշտ տայինք իրար, երիտասարդը չդիմացավ, ասում է. Բակուր ջան մի հարց տամ, անցած տարի, որ էդքան բորբոքված ու ջղայնացած էի ընկերոջս վրա, մի ժամ գլխիս ճառ կարդացիր հորդորելով գնալ ու փորձել բարիշել իր հետ, էսօր մի թեթև ասեցի չեմ ուզում շփվել իր հետ, համաձայնվեցիր հետս։
Չթողեցի խոսքը ավարտի, հարցը արդեն պարզ էր, ասում եմ. Հարգելիս էն ժամանակ դու ջղայնացած էիր, վրդովված, միգուցե նույնիսկ վիրավորված, իսկ այդ ամենը հնարավոր էր հարթել, ավելին, խոսում էր նրա մասին, որ ցանկություն ունես հարթելու, բայց այսօր հասկացա, որ դու հիասթափված ես, իսկ դա արդեն անհնար է վերականգնել (ճիշտ կլիներ ասեի համարյա)։
Նույնն է նաև նպատակ ունենալու դեպքում` պայքարեք, վրդովվեք, ջղայնացեք, գոռացեք, ամեն ինչ արեք հասնելու ձեր ուզածին, բայց երբեք մի հիասթափվեք, դա շատ վտանգավոր է։ Հիասթափություններից զուրկ աշխատանքային շաբաթ եմ մաղթում բոլորիս»։