Տաղանդավոր պարուսույց Նարինե Տոպոլյանը գրել է․ «Այսօր լա՛վ օր էր։ Լիայի հետ տաքսի նստեցինք և շտապեցինք ՀՈԱԿ Միկկիի հետևից, երբ մեքենայի անիվը հանկարծակի պայթեց և մենք մնացինք ճանապարհին։
Հինգ րոպե էլ չէր անցել, երբ մի մեքենա կանգնեց, երիտասարդ տղան դուրս եկավ և փորձեց օգնել մեր վարորդին։ Չարչարվեց, բայց չկարողացավ և մեզ առաջարկեց տեղ հասցնել։ Շնորհակալություն հայտնեցինք, ասելով, որ արդեն տաքսի ենք պատվիրել։
Դիմացից եկող պարեկային մեքենան շրջադարձ կատարեց, կանգնեց մեր մեքենայի կողքը։ Տղաները մեզ առաջարկեցին սպասել իրենց մեքենայի մեջ ցրտից պաշտպանվելու համար։ Խնդրեցի նկարել, մի կերպ համաձայնվեցին։
Տեղադրում եմ այս նկարները, քանի որ սիրում եմ տեսնել բարին, լավը, նայում եմ ու տեսնում եմ մարդկանց, ովքեր անտարբեր չեն, ովքեր բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը, պատրաստակամ են և պարզ։ Շնորհակալ ենք, տղաներ։ Դուք լավ դաստիարակություն եք ստացել Ձեր ծնողներից։
Շնորհակալ ենք այն անծանոթ տղային, ով ևս մտածեց այդ պահին մեր՝ անծանոթ մարդկանց մասին։ Աշխարհում դեռ շատ բարություն կա։ Դեռ հույս կա»։