«Ցավակցություններս տիկնոջը՝ Քրիստինեին, զավակներին, սիրելի մայրիկին․․․»

Արման Բաբաջանյանը գրել է․ «Հնարավոր չէ պատմել, գրել, բնութագրել, նկարագրել Արմենին։ Արմենի խորությունը, Հայաստանի սիրուց բխող նրա կամքը, հետևողականությունը, հաստատակամությունը հնարավոր չէ նկարագրել կամ պատմել։ Արմենի հետ յուրաքանչյուր նախագծի վրա աշխատանքը վայելք էր, նրա ամեն մի նոր գաղափարի իրագործումը, նրա ոգևորությունը, գործընկերներին համոզելու, գերելու կարողությունը հնարավոր չէ բնութագրել։ Մարդիկ կան, որոնց մասին հնարավոր չէ պարզապես գրել, բնութագրել, նկարագրել։

Արմենը ինձ կալանավորելու առաջին պահից կանգնեց ընտանիքիս կողքին, արեց առավելագույնը՝ առանց ինձ ճանաչելու։ Նրա հետ ընկերությունը շարունակեցինք ընդհատումներով, 44-օրյայից հետո ինտենսիվացրինք մեր շփումները, հանդիպումները, ծրագրերն ու նախագծերը՝ բոլորը նվիրված Հայաստանի, Արցախի մասին, Հայաստանի դիմադրողունակության, ինքնիշխանության ամրապնդմանն ու հարատևությանը։

Անվտանգություն, պաշտպանություն, սպառազինություն՝ սրանց շուրջ հանդիպումները նախագահների, պաշտպանության նախարարների, զանազան պաշտոնյաների, մասնագետների, գիտնականների, մեկենասների հետ՝ առաքելության իմ մասն էր։ Արմենը հորդում էր գաղափարներով, հարստացնում էր ցանկացած միտք, նախաձեռնություն, դարձնում ավելի հրապուրիչ, ավելի հայկական ու կարևոր։

Ես չեմ հաշտվելու նրա կորստի հետ, փնտրելու եմ նրա ընկերներին, բարեկամներին, ովքեր կանգնած էին նրա վերջին մի քանի կարևորագույն ծրագրերի կողքին։ Շատ կուզեմ, որ նրանք արձագանքեն, հնարավորություն ունենանք Արմենի լուսավոր հիշատակը հավերժացնել Հայաստանի համար այդքան կարևոր տիեզերական ծրագրով։ Ցավակցություններս տիկնոջը՝ Քրիստինեին, զավակներին, սիրելի մայրիկին, եղբորը, բոլոր հարազատներին, ընկերներին, նրան ճանաչողներին, մեզ բոլորիս։

Рейтинг
( 5 оценок, среднее 3.4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: