Տիկին Նոնան ասում էր. «Մինչեւ Տիգրանին չկերակրեմ, չեմ թողնի գնաք»․ Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

Հունվարի 27-ին մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Այս առիթով Հովհաննես Պապիկյանը գրում է․ «Երանելի Համո Սահյանի հովանիով սկսվեց մեր ընկերությունը: Հպարտ եմ, որ կարող եմ գրել՝ Մեր ընկերությունը: Գալիս էի ձեր տուն, որը Սահյանի տան հարեւանությամբ էր:

Տիկին Նոնան /ողորմի իրեն/ ասում էր. «Մինչեւ Տիգրանին չկերակրեմ, չեմ թողնի գնաք»: Այն հոգատար Նոնան, ով ինձ մտերիմի արդարացված խստությամբ պատվիրել էր՝ «Տիգրանի աշխատելու ժամերին չփորձես մեր տուն գալ»: Հետո, կարծես թե արդարացնում էր իր այդ խստությունը՝ «Երբ Տիգրանն աշխատում է, մի ճանճ անգամ չպիտի բզզա այդ սենյակում»: Ես շատ բարձր էի գնահատում Նորայի այդ հոգատարությունը եւ սրբությամբ պահում էի նրա պատվիրանը:

Նորայի թույլատրած ժամերին գալիս էի ու մենք քայլում էինք դեպի Սահյանը, բարձրանում 5-րդ հարկ, եւ ծայր էին առնում Ձեր եւ Սահյանի իմաստուն, իմաստուն զրույցները: Այդ նեղլիկ հյուրասենյակում, ուր ես համբերատար լսող էի ու ամեն միտք որսացող, ինձ պատկերացնում էի մի դասարանում, ուր իմաստուն ուսուցիչները Բան են խոսում ու սովորեցնում:

Դուք Սահյանին շատ էիք սիրում, եւ նրա վախճանից հետ Ձեր ապրած ցավն էր շատ խորը: Հաճախ էիք ասում. «Ես իր բացը ամեն օր եմ ապրում, ամեն օր եմ հիշում իր ազնվական գոյությունը, խոսքերը, ազնվական պոեզիան: Ինքն էլ իր պոեզիայի նման էր՝ ազնվագույն մարդ»:

Հետո մի շրջան եկավ, երբ Դուք Կոնսերվատորիայի ռեկտորն էիք, ու էլի ինձանից պրծում չունեցաք: Երգիչ էդվարդ Դարբինյանի /այդ ժամանակ նա հեռուստատեսության «Մեղեդի» գլխավոր խմբագրությունն էր ղեկավարում/, մի շարք անգամներ եկանք Կոնսերվատորիայի Ձեր աշխատասենյակ, ուր Դուք խոսում էիք գեղեցիկի զգացողության մասին: Ներսես Շնորհալուն էիք վկայում, «Զկենունք նոր մարդը»: «Գեղեցիկի զգացողություն չես ունենա,- ասում էիք,- մինչեւ չնորոգես քեզ այն աստիճանի, որ Շնորհալու երազած Նոր մարդու կերպը չունենաս:

Գեղեցիկի զգացումը միշտ պիտի դառնա արվեստի նոր գործ: Ապրելու, սիրելու մղումը միշտ պիտի ծնի երաժշտություն կամ բանաստեղծություն: Գեղեցիկն արարելու պահը սկիզբ է առնում երիտասարդությունից, երիտասարդ ոգուց: Միշտ է այդպես: Հայաստան երկիր կմտնի նոր սերունդ՝ նոր հոգեբանությամբ, նոր զգացումներով, գեղեցիկի՛ զգացումներով: Դա հրաշալի է»:

Ի՜նչ երանելի պահեր եմ ապրել, երբ զանգահարում էի եւ հանդիպում ուզում: Այդ պահերին մեր զրույցների թեմաները շատ բազմազան էին՝ մարդու բարոյական կերպարի մասին խոսելուց մինչեւ մեր ազգի երեւելիներ Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի… բերած ու թողած Ոգու հերկի /Ձեր ձեւակերպումն է/ մասին, որ մարդուն մարդ է պահում: Ինչ խորն էիք ուսումնասիրել մեր այդ երեւելի Անհատների գրական գործերը, որոնցից Դուք բազում երգեր հյուսեցիք: Մեր այդ զրույցներում շա՜տ սիրեցիք իմ մեջբերած մի ձեւակերպումը Վազգեն Վեհափառից. «Մարդ անհատի գերագույն զարդը, գերագույ պարծանքը բարոյական գիտակցության հրամայականն է»: «Աստված իմ, ի՜նչ լավ ձեւակերպում է,- ասացիք Դուք՝ սա չափանիշ է, թե մարդ իրեն ինչպես դրսեւորի, որ իր ապրելն իմաստ ունենա»:

Հետո մեր ընկերությունը շարունակվեց, երբ հեռավոր մի գյուղ Ձեր եւ իմ շատ սիրելի մի մարդու ընտանիքում էինք հաճախ հյուրընկալվում, ուր երկուսով էլ զարմանում էինք, թե այդ պատվելի մարդն ինչպե՞ս է հասցնում պոեզիայի հրաշալի նմուշներ հեղինակել, ծավալուն գրքեր գրել, ֆիլմեր նկարահանել բնության զարմանալի էակների՝ մեղուների հասարակության մասին: Այո՝ մեղուների հասարակություն, ուր զարմանալի ներդաշնակություն կա՝ ամեն մեկի բնատուր պարտականության անխոնջ, անտրտունջ, անդադար կատարումի մասին: Եվ Դուք պիտի Ձեր ձեռքերը տարածելով՝ հիացած բացականչեիք, թե՝ «Անգամ թանգարա՞ն՝ հազարավոր նմուշներով»: Այդ մեր ընկերն էր, ով Իտալիայում զարմանքով լսել էր իտալացի իր իրավաբան կոլեգայի հիացական խոսքը, թե՝ «Դուք Հայաստանում կենդանի լեգենդ ունեք հանձին Տիգրան Մանսուրյանի»:

Ու ես հիմա շատ հպարտ եմ, որ իրավունք ունեմ պարզապես զանգահարել եւ ասել. «Շնորհավոր ծնունդդ, կենդանի լեգենդ, սիրելի ընկերս, սիրելի մաեստրո» եւ արձագանք ստանալ «Շնորհակալ եմ, ջանիկս»: Այդ « ջանիկս» բառը, որ հաճախ, շատ հաճախ է շոյում ունկերս, այնքա՜ մտերմիկ ու սիրելի է: Ի՛նչ ցանկանամ Ձեզ: Շատ, շատ երկար տարիների կյանք ու առողջություն, որ երկար վայելենք Ձեր ներկայությունը:

Рейтинг
( 5 оценок, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: