«1971թ-ի հունիս 17։ Հայ հանրությունը ցնցվեց ավտովթարից, որին զոհ դարձան Պարույր Սևակն ու Նելլի Մենաղարաշվիլին»․ Պարույր Սևակի ծննդյան օրն է

Պարույր Սևակի ծննդյան օրվա առիթով Էդուարդ Մանվելյանը գրել է․ «1971թ-ի հունիս 17։ Հայ հանրությունը ցնցվեց ավտովթարից, որին զոհ դարձան Պարույր Սևակն ու Նելլի Մենաղարաշվիլին։ Խորհրդային իշխանությունների սարսափից, ոչ ոք չանդրադարձավ այս դեպքին, ու թեև Սևակի ընտանիքը՝ տղաները, ովքեր եղել էին նրանց հետ մեքենայի մեջ, միշտ էլ հերքել են սպանության վարկածը, բայցևայնպես, մի քիչ շատ էին զուգադիպությունները՝ վթարը դժբախտ պատահար համարելու համար։

Սովետի որդեգրած լավագույն՝ լիկվիդացիոն մեթոդը, ավտովթարներն ու դժբախտ դեպքերն էին՝ ԿԳԲ-ի մենաշնորհը։ Տղաների վկայությունից լսում ենք, որ ինչ-որ բեռնատար դանդաղ ընթացել է իրենց առաջից, երբ նրանք ապահով անցել էին արդեն ոլորանները․

-Պապան ջղայինացավ ու մի քանի անգամ ազդանշան տվեց, բայց բեռնատարը շարունակում էր դանդաղ ընթանալ մեր դիմացից; Հետո, մի պահ աջ քաշեց, ու պապան հասցրեց անցնել նրան, բայց երբ անցանք, պատուհանը իջացրեց ու մատ թափ տվեց վարորդի վրա, նա էլ մեքենան քաշեց մեր կողմ, ու պապան կտրուկ թեքեց ղեկը ձախ կողմի երկու ակները օդ բարձրաձան, մամայի դուռը բացվեց ու մաման արդեն կախվեց դուրս, պապան ձեռքը մեկնեց, որ բռնի մամային, մեքենան զարկվեց գետնին։

Փաստացի, Սևակը իր վարորդական իրավունքը ստացել էր օրեր առաջ, ու նորից տղաների վկայությամբ․

-Մաման ասում էր, որ եթե պապան ավտոտնակից անվնաս դուրս եկավ, ուրեմն արդեն վարորդ է, ու հանգիստ կարող ենք նստել կողքին։

Այդ չարաբաստիկ օրը, նրանք գալիս էին Երևան, որտեղից պիտի մեկնեին Թիֆլիս՝ Նելիի մոր քառասունքին։ Բանն այն է, որ նրան վարորդ էին հատկացրել, բայց հենց այդ օրը, վարորդը հրաժարվում է նրանց Երևան տանել՝ պատճառաբանելով, որ անհետաձգելի գործեր ունի։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, բայց առաջնեկի վաղաժամ մահից հետո, նա կդառնա մինուճարը։ Հինգ տարեկանում արդեն վարժ կարդում էր ու գրում։

Գյուղական փոքրիկ դպրոցում Պարույրը ուղղակի փայլում էր երեխաների մեջ, չնայած համընդհանուր չքավորությանը՝ ոչ դասագիրք, ոչ տետր, ոչ թուղթ ու մատիտ։ Մեկ դասագրքով ողջ դասարանն էր սովորում, իսկ ուսուցիչներից շատերը, ովքեր դեռ մնացել էին, պարզապես թերի միջնակարգ կրթություն ունեին։ Հետո արդեն, Պարույրը կհիշի․

-Մեր ֆիզկուլտուրայի դասատուն, իններորդ դասարանում, մեզանից քիչ էր մեծ, իսկ հաջորդ օրը, այդ նույն երիտասարդը մեզ նաև գրականության դաս էր տալիս, ու ես, գիշերները, աղոտ լույսի տակ, գրում էի անցնելիք գրողի մասին, իսկ առավոտյան, դասարանում, ուսուցիչը բոլորին թելադրում էր հենց իմ գրածը, ու ես, բոլորի հետ, գրում էի նրա թելադրածը, որ ոչ մեկը գլխի չընկներ։

Մի օր, մայրը նրան ասում է․ -Այ բալա, էդքան որ կարդում ես ու կարդում, ի՞նչ ես դառնալու․ դասատու՞, գոնե, էն «Գիքորը» գրողի պես լավ մարդ դառնաս։ Արտաքինից, գրական կօչված աշխարհը ոչինչ չուներ Սևակի դեմ, բայց ներքուստ՝ միջակությունները փորում էին ու փորում․ Նպատակը՝ ԿենտԿօմի աչքից գցել իրենցից տաղանդավորներին։

Դեռևս «Անլռելի զանգակատուն»-ից սկսված, Սևակի դեմ սկսեցին թաքուն թակարդներ լարել ներսից, մինչև որ, բանը կհասներ «Եղիցի լույս»-ին, ու դա կդառնար նրա «կործանումը»։ Գրչակից շատ ընկերներ, հանցավոր համաձայնությամբ, ընդհանուր բողոք են ներկայացնում Սևակի դեմ՝ մեղադրելով նրան հակասովետականության մեջ։

1969-ին, տպագրական կօմիտեն բողոք է ներկայացնում վերև՝ մեղադրելով Հայաստան հրատարակչության տնօրեն Խիկար Բարսեղյանին՝ ապօրինի հոնորարներ ստանալու մեջ։ Խիկարը տանել չէր կարողանում Սևակին, ու Սևակը նրան բարձրաձայն կանվանի խաչագող, և սա անպատասխան չի մնա Խիկարի կողմից։ Խիկարը հատուկ հոդված է գրում «Եղիցի լույս»-ի մասին՝ մեղադրելով Սևակին տողատակերի ու անորոշ քարոզների մեջ և հրատարակումը կասեցվեց։

Ամեն դեպքում, նա անկեղծ էր իր ընթերցողի հետ ու սովետից չէր վախենում։ Ինչու՞ նրան հուղարկավորեցին սեփական տան բակում, այլ ոչ Պանթեոնում, դրա պատասխանը ես չունեմ։ Բայց, նա ծնվել էր, և, ինչպես հատուկ է ապրողներին, երկնով սլացողներին նկատում են միայն այն ժամանակ, երբ նրանք ընկնում են»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: