Ռուբեն Շուխյանը գրել է․ «Դիլիջանի նախկին կառավարական ամառանոցը․ մի շենքի պատմություն։ Այս կլոր սյունազարդ կառույցը համացանցում ամենուրեք տրված է որպես «Խանջյանի ամառանոց», սակայն ճարտարապետ Արեգ Ասատրյանը դեռ տարիներ առաջ էր ներկայացրել հոյակերտ և ցավոք հիմա կիսաքանդ այս շենքի ուշագրավ պատմությունը։
Պարզվում է, Աղասի Խանջյանի իրական և շատ ավելի համեստ ամառանոցը գտնվում է այստեղից մի փոքր վերև, որտեղ իրոք իջևանել է Խանջյանը մինչև իր ողբերգական մահը 1936-ի հուլիսի 9-ին Թբիլիսիում՝ Բերիայի կրակոցից։ Արեգ Ասատրյանը գրում է․
«Դիլիջանի խնդրահարույց կլոր շենքը, որն իրականում հրաշալի ճարտարապետական կոթող է և անպայման պետք է վերականգնել, ամենայն հավանականությամբ կառուցվել է քիչ ավելի ուշ շրջանում՝ նպատակ ունենալով, օգտագործելով արդեն դատարկ Խանջյանի տունը, ստեղծել մի փոքր կառավարական համալիր բարձրաստիճան ղեկավարների համար:
Դիլիջանի նախկին կառավարական ամառանոցը․ մի շենքի պատմություն․Որպես փաստարկ նշեմ, որ այս կլոր շենքը իր տարածքում ունի նաև խոհանոցային և այլ սպասարկող սենյակներ, որը չէին անի մեկ հոգուն հատկացվող ամառանոցում: Եվ պատահական չէ, որ հետագայում այս երկու և ավելի ուշ կառուցված երրորդ շենքը (Դեմիրճյանի ամառանոց) իրար հետ կազմում են այսպես կոչված Սովմինի կառավարական ամառանոցը: Այս համալիրը հետագայում նաև համալրվեց ջրավազանով»: