Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրվա Ազատ Գասպարյանի նվերը․ ուշագրավ մանրամասներ

Աշոտ Համբարձումյանը գրում է․ «Ամեն անգամ Ազատ Գասպարյանի անունը տալիս կամ լսելիս ուզում եմ զանգել, ոչ մի կերպ դեռ չեմ ընտելացել Ազատի երկրային բացակայությանը ։ Մտքիս մեջ հաճախ խոսում եմ։ Նրա ձայնը ականջներումս ա, երգը հոգուս մեջ։ Մեր ընտանեկան մտերմությունը Ազատի հետ այլ հարթության վրա էր, առանց ձևի, նախաբանի ու վերջաբանի։ Մեկ-մեկ կարոտը խեղդում ա կոկորդս։ Ազատը մի մարդ էր, ում դիմում էին ծանոթ, թե անծանոթ։

Մեկին օգնելու համար, ցանկացած պաշտոնյայի դուռ կկոտրեր։ Ձայնի մեջ ասմունք ու երաժշտություն կար, Գյումրվա բառբառով շաղախված հումոր կար, համեմված բանաստեղծական տողերով։ Երեխու նման զարմանալ գիտեր, երևի այդ էր պատճառը, որ դուստրս՝ 4 տարեկան Մանեն, շատ էր սիրում, հենց ասում էինք հյուր է գալու կամ թատրոն ենք գնում, ասում էր «Ազատ Գասպարյանը լինելու ա»։ Բազմաթիվ հիշողություններ կան կապված, թատրոնում հեռուստաթատրոնում համատեղ աշխատանքի հետ։ Մի օր առավոտյան զանգեց Ազատը, «կեսօրին կգամ հետդ գործ ունեմ»։ Արվեստանոցս գտնվում էր Կասկադում։

Ժամը մեկը կլիներ դուռը զանգեցին, նայում եմ մարդ չի երևում, դուռը բացեցի տեսնեմ Ազատը կռացած, մեջքը բռնած մտավ ներս, «փրկի՜ր մեռա»։ Աբովյանի անվան դպրոցում ցերեկույթի էր եկել, սկվազնյակի տակ էր ընկել հազիվ հասցրել էր գալ ինձ մոտ։ Արվեստանուցում ձող ունեի, որից կախվում վարժանք էի անում։ Ազատին գրկեցի ձողից կախեցի, գրկած ձողի վրայից իջեցրեցի պառկացրեցի թախտին։ Ծոցագրպանից ինձ պարզեց Ֆլորա Մարտիրոսյանի 2 լուսանկար։

«Մի բան արա փրկիր, էսօր Ֆլորայի ծնունդն ա մենակ ծաղիկի փող ունեմ ու 5 ժամ ժամանակ», ասեց ու քնեց, մեջքի ցավը թողել էր։ Երբ արթանացավ չպատկերացրեց որտեղ ա, ամբողջ արվեստանոց կտոների թափթփաված արկղներ էին, տարբեր զարդերով տուփեր, ես էլ կենտրոնում նստած նայում էի պատից կախված Ֆլորա Մարտիրոսյանի նկարով կոլաժին, Ազատը ուրախությունից մոռացավ մեջքի ցավը, մինչև ես կոլաժը կդնեի շրջանակի մեջ, Ազատս գնաց խանութից գեղեցիկ տոպրակ բերեց, նկարը դրեցինք տոպրակի մեջ , դեռ երկու ժամ ժամանակ ունեինք։ Ասեց արի օգնեմ արվեստանոցը հավաքենք ,բայց շուտով հասկացավ որ գլուխ չի հանի, «էս մի պուճուր բանի համար էսքա՞ն նյութեր էս հանել»։

Ազատը նստեց թախտին, անհանգիստ էր, անընդհատ գնում էր տոպրակից հանում նկարը, նայում դնում տեղ։ «Ազատ ջան սպասի կախեմ պատից , մինչև գնալդ նայի»։ Ազատը՝ հանգիստ նստել չուներ, ուտելուց հրաժարվեց, դե ծնունդ էր գնում, միայն սուրճը բերելուց հետո, նստեց սկսեց նայել նկարին ու երգել։ Ես քարացել էի , Ֆլորայի ամբողջ երգացանկը երգեց , անցավ Գյումրվա մանիներ։ Չիմացանք էդ երկու ժամը ո՞նց թռավ, նկարը դրեցի տոպրակի մեջ, «Ֆլորայի ծնունդը չլիներ չէի գնա, համ էլ նկարը շեդևռ ա, տանեմ շատ կուրախանա» Շատ դժվարությամբ իրարից բաժանվեցինք։

Ես դեռ երկար նստած էի թափված արվեստանոցի կենտրոնում , տպավորված Ազատով ու չէի ուզում ոչինչ անել, անգամ արդեն մթնել էր լույսը չվառեցի , որ գեղեցիկ օրը չփչացնեմ։ Տարիներ անց օդակայանում հանդիպեցի Ֆլորայի ամուսնուն՝ Հրահատ Գևորգյանին «Աշոտ ջան Ազատը ամեն ինչ պատմել ա բռնված մեջքի, էդ գեղեցիկ օրվա ու Ֆլորայի հրաշալի կոլաժի մասին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: