Հայաստանյան հիվանդանոցների, բժիշկների և բուժական անձնակազմի մասին կարծիքները տարբեր են ու տարաբնույթ։ Ոմանք մեղադրանքներով լի հրապարակումներով են հանդես գալիս, իսկ ոմանք էլ հակառակը՝ մեծ երախտագիտությամբ են արտահայտվում բժիշկների մասին։
Հերթական նմանօրինակ հրապարակումն է արել Հովհաննես Գալստյանը։ Նա գրել է․ «Երկու օր առաջ՝ հունվարի 5֊ ի երեկոյան, շատ բարձր ջերմությամբ և սուր որովայնային ցավերով Արթիկի բժշկական կենտրոն տեղափոխեցին կնոջս՝ Արմինեին։ Մի քանի ժամ հետո կատարվեց կույր աղիքի հեռացման վիրահատություն։
Այսօր արդեն վիճակը կայունացել է և կա դրական մեծ տեղաշարժ։ Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Արթիկի բժշկական կենտրոնին,տնօրինությանը, ողջ բուժանձնակազմին՝ ցուցաբերած մարդկային վերաբերմունքի և հոգատարության համար։
Հատուկ շնորհակալություն վիրաբույժներ Արտակ Աղաքարյանին և Հովհաննես Մկրտչյանին, ինչպես նաև անեսթեզիոլոգ Հովհաննես Պետրոսյանին՝ ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար։ Շնորհակալ եմ, որ դուք կաք»,- իր շնորհակալական հրապարակումը եզրափակել է Հովհաննես Գալստյանը։