«Մոմ կվառեմ մեր եկեղեցիներում ու կհիշեմ զինաթափող ժպիտդ»․ ցավալի․ մահացել է մեծ մտավորականը

Թաթուլ Հակոբյանը գրում է․ «Մոմ կվառեմ մեր եկեղեցիներում ու կհիշեմ զինաթափող ժպիտդ։ Այսօր, 2022-ի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան, սրտի ցավ ապրեցի՝ մահացել է Եդուարդ Մսրլեանը: Մեր տարիքների տարբերությունը՝ ես՝ 53, նա՝ 84, չէր խանգարում լավ ընկերություն ու բարեկամություն անել: Տարիներ առաջ նա օգնեց, որպեսզի չփակվի Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը: Մեր անխախտ բարեկամությունը սկսվեց հենց այդ ժամանակ, երբ իմ ընկերներից Արմեն Պետրոսյանը ծանոթացրեց մեզ: Ասաց, որ ԱՆԻ-ին չի փակվելու:

Մսրլեանը տարիներ շարունակ մասնակցեց ԱՆԻ կենտրոնի և ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբի աշխատանքներին, նրա նվիրատվություններով տպագրվեցին մի քանի արժեքավոր հատորներ: Այսուհետ, ԱՆԻ կենտրոնի հրատարակվելիք գրքերը կնվիրվեն նրա հիշատակին:

Եդուարդ Մսրլեանին և տիկնոջը՝ տիկին Վերժինին, ավելի շատ հիշում եմ մեր համատեղ ճամփորդություններով՝ Վրաստան, Ջավախք, Արևմտյան Հայաստան, Անի, Արցախ, Շուշի, Հայաստանի բազմաթիվ վայրեր: Մենք երեքով անգամ մեր գյուղ ենք գնացել և հաց, պանիր, լոլիկ կերել մեր այգում: Տարիներ առաջ նրանք կազմակերպեցին իմ հանդիպումը Սան Ֆրանցիսկոյում՝ տեղի հայկական եկեղեցում: Եդուարդը քայլելով ինձ տարավ այն տունը, որտեղ Վիլյամ Սարոյանն էր ապրել:

Այսօր, այս պահին, վաղ առավոտյան, իմ հիշողության մեջ մեկ-մեկ պատկերվում են մեր հանդիպումները, մեր ճամփորդությունները, մեր զրույցները սիրելի Հայաստանի և Արցախի ապագայի մասին: Մինչև այս աղետալի պատերազմը, պատերազմի օրերին և հետո Եդուարդը անդադար զանգում էր: Նա ապրում էր Սան Ֆրանցիսկոյում, բայց սիրտն ու հոգին այստեղ էր՝ Մայր Հայրենիքում:

Հանգիր խաղաղությամբ, սիրելի Եդուարդ: Մյուս ամիս, երբ գամ Ամերիկա, ծաղիկներ եմ բերելու շիրիմիդ: Մոմ եմ վառելու հայկական եկեղեցիներում և հիշելու եմ զինաթափող ժպիտդ: Քո ընկեր՝ Թաթուլ Հակոբյան»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: