«Ովքեր թեկուզ մեկ անգամ տեսել են Լուսինե Զաքարյանին, կվկայեն, որ Լուսինեի ներսում իրոք աստվածային, հրեշտակային մի բան կար»․ Լուսինե Զաքարյանի հիշատակի օրն է

Այսօր Լուսինե Զաքարյանի հիշատակի օրն է։ Օրվա առիթով Արայիկ Մանուկյանը գրել է․ «Ովքեր թեկուզ մեկ անգամ տեսել են Լուսինե Զաքարյանին, կվկայեն, որ Լուսինեի ներսում իրոք աստվածային, հրեշտակային մի բան կար։ Լուսինեն կարծես սովորական էակ չէր։

Առաջին անգամ Լուսինեի հետ հանդիպեցի, երբ Երևան էր ժամանել ամերիկահայ նշանավոր երգեհոնահար Պերճ Ժամկոչյանը։ 84 կամ 85 թվականն էր։ Պերճի հետ պայմանավորվել էինք հանդիպել և նա հանդիպումը նշանակել էր առավոտ կանուխ, կոմպոզիտորների միությունում։ Երբ վաղ առավոտյան մտա կոմպոզիտորների միություն, դեռ ոչ ոք չկար, բայց լսվում էին երաժշտության մեղմ հնչյուններ։

Մտա դահլիճ, որտեղից լսվում էր երաժշտությունը, ու տեսա, որ Պերճը նվագում է ռոյալի մոտ նստած։ Ես լուռ նստեցի դահլիճի մի անկյունում ու սկսեցի հետևել նրան։ Նվագեց, ավարտեց, մոտեցավ։ Բարևեցինք։ Նախորդ օրը խոսել էինք հեռախոսով։ Գիտեր, որ ես ժուռնալիստն եմ ու պետք է զրուցենք։ Զրույցը սկսելու համար հարցրի․ ինչո՞ւ օրգան նվագել որոշեցիք։ Պերճն ասաց՝ օրգան մի ըսէ, օրգան կըսես՝ այլ բան կըհասկընամ։

Մենք երկար զրուցեցինք։ Կարծեմ այդ զրույցը տպագրված է ԱՎԱՆԳԱՐԴ թերթում։ Հաջորդ օրը պետք է գնայինք Պերճ Ժամկոչյանի համերգին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգից առաջ Պերճն ասաց՝ գնանք Լուսինեենց տուն, ճաշենք, հետո միասին կգնանք։ Լուսինեն էլ էր գալու համերգ։ Սա իմ առաջին հանդիպումն էր Լուսինե Զաքարյանի հետ։ Լուսինեն, իսկապես, աստվածային էր, վերերկրային մի բան կար Լուսինեի մեջ։

Նրա խոսքը, նրա կեցվածքը, նրա ժպիտը՝ ոչ մի բան նման չէր սովորական մարդու։ Ես ուշադիր զննում էի նրան։ Բնակարանը շատ ասկետիկ մի բնակարան էր՝ վերերկրային կյանքով ապրող մի մարդու բնակարան։ Երևի ճիշտ այն վիճակում էր, ինչ կառուցվելուց անմիջապես հետո՝ մանրահատակը, պատերը, դռները։

Ես այդ նկատեցի միանգամից, որովհետև հենց այդ պահին էլ մտածում էի նրա անսովոր տեսակի մասին։ Ճաշեցինք։ Անշուշտ, ամեն բան արեց Խորեն Պալյանը։ Եթե լավ եմ հիշում, մի մարդ էլ կար, որ օգնում էր։ Լուսինեն միշտ ժպտում էր իր անկրկնելի ժպիտով։ Շատ քիչ էր խոսում։ Լուռ էր հիմնականում։

Ուղղակի ժպտում էր, ժպիտով, սիրով, ներումով լի հայացքով նայում ու ամեն ինչ կար նրա այդ ժպիտում։ Հետո Լուսինեն ու Խորենը գնացին մյուս սենյակ։ Լուսինեն պետք է պատրաստվեր, որ մենք դուրս գայինք։ Շատ երկար չտևեց պատրաստությունը։ Մենք գնացինք Պերճ Ժամկոչյանի համերգին։

Համերգին դեռ բավականին ժամանակ կար, բայց Պերճը փորձ պետք է աներ ու Խորենն ու Լուսինեն եկան մեզ հետ։ Այդ համերգը շատ նշանավոր էր։ Ի թիվս այլ ստեղծագործությունների Պերճը նվագեց նաև Միացյալ Նահանգների հիմնը։ Նվագեց որպես երաժշտական ստեղծագործություն։

Առաջին հնչյուններից շատ չանցած՝ Արամ Խաչատրյան համերգասրահը հոսանքազրկվեց։ (Փաստորեն միջոցառում ձախողելու այս ձևը, որ այսօր էլ կենսունակ է, գալիս է շատ վաղուց)։ Մենք երկար սպասեցինք։ Կարծեմ վերականգնվեց, բայց Պերճն այլևս չնվագեց ԱՄՆ հիմնը։ Հավանաբար արգելել էին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: