Արմեն Արմոս Մարիտրոսյանը գրում է․ «Հերթական ֆանտաստիկ նորությունը: Սիրելի ընկերներ, անչափ ուրախալի լուր ունեմ: Բոլորդ կհիշեք 9-ամյա մեր գեղեցկուհուն՝ Տաթևին, ում ոսկրածուծի փոխպատվաստման համար մեր հիմնադրամը հանրային դրամահավաք էր կազմակերպել: Սիրով տեղեկացնում եմ, որ մի շարք լուսավոր ու անչափ բարի մարդկանց շնորհիվ Տաթևն արդեն մեկնել է Հռոմ, ու հնարավորություն ստացել լիովին անվճար բուժվելու լավագույն մանկական կլինիկաներից մեկում՝ Վատիկանի Bambino Ges-ում:
Սա միջազգային արդյունավետ համագործակցության հիանալի օրինակ է: Շնորհակալ ենք բոլորիդ Տաթևի բուժման համար կազմակերված դրամահավաքին մասնակցելու համար, որի արդյունքում հավաքվել է շուրջ $38.000: Գումարի մի մասը կծառայի երեխայի ու իր մայրիկի ավիատոմսերի, Հռոմում թարգմանչական, լոգիստիկ տարբեր ծախսերի փոխհատուցմանը:
Երեխայի ու իր մայրիկի կեցության հարցն ապահովել է հայր Լեուչին, որի համար անչափ շնորհակալ ենք: Խնայված ողջ գումարը ապագայում կծառայի առողջական ծանր խնդիր ունեցող մեկ այլ երեխայի/ների բուժման ծախսերը փոխհատուցելուն, որի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք: Բոլոր այն նվիրատուները, որոնք կցանկանան փոխանցված գումարը հետ վերադարձնել, խնդրում եմ գրել ինձ անձնական նամակով:
Այս շատ կարևոր իրադարձությունը հնարավոր է դարձել մի շարք սրտացավ մարդկանց շնորհիվ, մասնավորապես՝ մեր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, Armenian National Interests Fund-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի ու իր թիմի, Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ու իր թիմի, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի, Հայաստանում Իտալիայի նախկին դեսպան Վինչենզո դել Մոնակոյի, Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի, Հայաստանում Իտալիայի հյուպատոս Ջիովաննի Դիոնիսիի և հայր Լեուչիի:
Մեր հիմնադրամի թիմի ու երեխայի ծնողների անունից խորին շնորհակալություն ենք հայտնում բոլորին աննկարագրելի մեծ հոգատարության ու աջակցության համար, մենք դա անչափ շատ ենք գնահատում:
Մեկնելուց առաջ Տաթևի հետ օդանավակայանում զրուցում էի ու պարզեցի, որ իր ամենամեծ ցանկությունը շուտ ապաքինվելն ու հայրենիք վերադառնալն է, նա ուզում է օր առաջ իր եղբայրների հետ անհոգ օրերի նման կռվել ու խաղալ, վայելել իր մանկությունը և վերջապես իր մայրիկի նման վարսահարդար դառնալ, որպեսզի բազմաթիվ մարդկանց գեղեցկություն պարգևի:
Սպասենք Տաթևի ապաքինմանն ու Հայաստան վերադառնալուն, սպասենք հերթական հրաշքին: Շնորհակալ ենք բոլորիդ, որ օգնում եք առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին ապրել: