«Չորս տարվա մեջ երկրորդ անդառնալի կորուստս։ 2016-ի ապրիլի 4-ին ավագս՝ Նորայրը (քառասուն էլ չկար), մարտիրոսվեց Թալիշի դիրքերում, 2020-ի այս օրը՝ Երվանդս»

Լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջիյանը գրում է․ «Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կրտսեր որդուս՝ Երվանդի, նահատակության օրն է։ Չորս տարվա մեջ երկրորդ անդառնալի կորուստս։ 2016-ի ապրիլի 4-ին ավագս՝ Նորայրը (քառասուն էլ չկար), մարտիրոսվեց Թալիշի դիրքերում, 2020-ի այս օրը՝ Երվանդս (42-ը դեկտեմբերին պիտի լրանար), Մեխակավանի (Ջաբրայիլի) ուղղությունում: Երկուսն էլ՝ թշնամական արկի պայթյունից:

Երվանդիս առողջական վիճակը միանգամայն անհամատեղելի էր զինվորական ծառայության համար, մանավանդ՝ մարտական դիրքերում: Բայց ինչպես ավագ եղբոր դեպքում էր, Հայրենիքի սերը շատ ավելի վեհ ու վես էր նրա համար, քան մնացյալ ամեն ինչ՝ ծնողներ, ընտանիք, սիրասուն զավակներ, նախընտրած մասնագիտությամբ՝ դիվանագիտական աշխատանք (ռազմաճակատ մեկնելուց ԱՀ ԱԳՆ աշխատակազմի Սփյուռքի բաժնի պետն էր), ինչ մնացած թե՝ առողջական վիճակ:

Զինկոմիսարիատում համառորեն պնդել էր, որ իրեն նույնպես զորագրեն որպես կամավորական-աշխարհազորայինի: «Մի՞թե ես պակաս հայրենասեր հայ եմ, քան մյուս տղերքը»,- հետո մեզ այդպես հաղորդեցին նրա այդ համառ պնդումների վկաները: Եվ, ի վերջո, հասավ նպատակին, զինվորական համազգեստ ու հրաձիգ ստանալով՝ միացավ մարտադաշտ մեկնող աշխարհազորայինների հերթական ջոկատին: Մեկնեց առանց հրաժեշտ տալու մեզնից թեկուզ որևէ մեկին:

Նույն այդ կիրակի օրվա՝ սեպտեմբերի 27-ի, վաղ առավոտյան, երբ աշխատավայր էի շտապում ոտքով (տրանսպորտ չկար), նոր պատերազմի պայմաններում օրվա անելիքներիս անցնելու համար, ԱԳՆ գերատեսչական շենքի մոտով անցնելիս հանկարծ «պապա» կանչը լսեցի, նայեցի՝ աջ ու ձախ, ապա վերև՝ Երվանդս էր շենքի պատշգամբից: Իր մշտական լուսաշող ժպիտը դեմքին: «Ո՞ւր այդպես»,- հարցրեց: «Ռադիո: Պատերազմ է՝ տեսնեմ ինչ եմ անում,- պատասխանեցի,- դո՞ւ…»:

«Դե, չե՞ս ասում՝ պատերազմ է, ես էլ իմ անելիքն ունեմ»,- դարձյալ ժպտում էր: «Դե լավ, մատաղ, գործիդ կաց, ես գնամ»,- ասելս ու առաջ շարժվելս մեկ եղավ՝ անմտորեն չենթադրելով, որ տղաս նույնպես կարող է ի զեն ելած կռիվ մեկնել: Էհ, մտածեի՝ կբարձրանայի իր մոտ կամ թե ինքը կիջներ, կրծքիս կսեղմեի, ամուր-ամուր, Աստված մի արասցե՝ վերջին անգամ ու նույն մաղթանքը կտայի: Մաղթանք, որ տակավին 16-ամյա պատանի Նորայրիս էի տալիս Երևանում՝ Արցախյան առաջին ազատամարտի տարիներին, երբ ամեն անգամ՝ հերթափոխային կարճատև հանգստից հետո, իր կամավորական ջոկատի հետ միասին նորից մեկնում էր առաջին գիծ. «Մատաղ, զգույշ կաց, պինդ կաց, տղամարդ կաց»:

Ապրիլյանի առաջին իսկ օրը Նորայրս էլ անսպասելի, առանց հրաժեշտի գնաց կռիվ, չիմացա, մաղթանք չտվի: Պատերազմի 3-րդ օրը խոցվեց մահացու։ Մինչդեռ 90-ականների մարտերում թեթևակի վերք անգամ չէր ստացել: Երևի թե հայրական մաղթանքս էր ականջահաճո, թե սրտահաճո եղել Բարձրյալին՝ Աստծուն։ Արդ յոթերորդ տարին է՝ հոգուս մեջ ձաղկում եմ ինքս ինձ՝ ինչո՞ւ զլացա ու բարեմաղթանք չտվի իմ հոգու լույս, իմ թև ու թիկունք, որդիներին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: