«Սիրելի ուսանողներ, այսօր մենք պարտադրված հրաժեշտ տվեցինք մեր ընկերոջը, համակուրսեցուն․․․»

Արթուր Բաղդասարյանը գրում է․ «Սիրելի ուսանողներ, այսօր մենք պարտադրված հրաժեշտ տվեցինք մեր ընկերոջը, համակուրսեցուն, աշակերտին, միաժամանակ պայծառ աչքերով ու պատանեկան ժպիտով, երազանքներով լեցուն երիտասարդին, հայ զինվորին։

Ընդհանրապես ընդունված է, երբ աշակերտը, սանն է անցյալ ժամանակով գրում ուսուցչի մասին․ դա կարծես կյանքի փիլիսոփայության, տրամաբանական ընթացքի կամ դրամայի կառուցվածքի և կանոնների շրջանակում է: Հակառակն արդեն ողբերգության կանոններում է, երբ հաղթանակում է անարդարությունը, սուտն ու կեղծիքը, երբ ճշմարտությունն անզոր է որևէ բան փոխել, երբ կորուստն անդառնալի է ու ցավն ամենուրեք։

Դասընթացների ընթացքում բազմիցս ենք խոսել ու գրել Հայրենիքի մեր ընկալումների ու պատկերացումների մասին: Փորձել ենք սահմանել, բնութագրել կամ վերլուծել Հայրենիքի նյութական ու հոգևոր շերտերն ու եզրերը: Հասկանալ ու զգալ այն անբացատրելի ձգողական ուժը, որն ունի այս հողը, մեր հողը, հայրենի հողը: Այն այսօր ավելի ուժեղացավ մի լուսե երիտասարդի չկատարված երազանքներով ու մինչև վերջ չհնչած սիրո խոստովանությամբ։

Կրթության գործընթացը բաժանվում է ուսումնական տարիների, սակայն, ցավով եմ փաստում, որ մեր կուրսի համար այն բաժանվեց Վոլոդյայի հետ ու նրանից հետո: Ես միշտ ձգտում էի, որպեսզի դուք մի փոքր արագ հասունանաք, բայց նման ձևով ու այդ գնով հասունացումն ոչ մեկիս պետք չէր։

Հիմա բոլորդ խոսում եք, հիշում, գրում, արտահայտվում, տարածում։ Իսկ ես առաջարկում եմ լուռ լսել։ Հայաստանով մեկ սփռված Սուրբ Եռաբլուրի եռագույնների փողփողացող բազմաձայն պատարագին ևս մեկ ձայն է ավելացել։ Վոլոդիայի ձայնը»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: