«Երեկ ես Ջերմուկում էի: Եթե սրանից չորս տարի առաջ այդ քաղաքի մասին որևէ տեքստում կարդայի «քաղաք-ուրվական» ձևակերպումը՝ կկարծեի, թե․․․»

Միքայել Նահապետյանը գրում է․ Երեկ ես Ջերմուկում էի: Եթե սրանից չորս տարի առաջ այդ քաղաքի մասին որևէ տեքստում կարդայի «քաղաք-ուրվական» ձևակերպումը՝ կկարծեի, թե հայ գրականությունը վերջապես ունի ֆենթզի ժանրի ստեղծագործող: Բայց հիմա ինքս նստած համակարգչի առջև հավաքում եմ այս ածականը քաղաքի մասին ու աչքերիս առաջ լուսանկարի պես պարզ վերարտադրվում է հայտնի Գալերիայի սարսափելի դատարկությունը:

Երեկոյան ժամը ութին քաղաքի երբեմնի եռացող կենտրոնում ոչ ոք չկար: Առհասարակ քաղաքի բնակչությունից քաղաքում էր մոտ 20 տոկոսը, եթե չհաշվենք զինվորականներին: Ընկերս, որին տեսակցելու համար էլ գնացել էի, ասում էր, որ բուն կռվի ընթացքում քաղաքի բնակչությունից մնացել էին 100-150 տղամարդ: Ուզու՞մ եք իմանալ թե ովքեր են այդ տղամարդիկ: Նրանք որսորդներ են, թաղային հեղինակություններ, պատերազմի մասնակիցներ, մարդիկ, որոնց ձեռքը սովոր է զենքի:

Ես շատ կուզեի, որ նրանք լինեին փիլիսոփաներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, բայց փաստն այն է, որ երբ քաղաքակրթությունը պաշտպանելու կարիք է առաջանում, այդ գործը 90 տոկոսով ստանձնում են նրանք՝ ում խաղաղ ժամանակ քաղաքակրթության դասեր են տալիս ու «վայրենի» կոչում մեր հրապարակախոսները: Իսկ նրանք՝ ում ձեռքը սովոր չէ զենքի, առաջին իսկ ազատ մեքենայով լքել են քաղաքը ու պատերազմող զորքի թիկունքը թողել ամայի:

Ես ներողություն եմ խնդրում, որ պետության մասին ձեր ակադեմիական պատկերացումները բավարարել չի ստացվում և փաստորեն գործը անում են մարդիկ, ովքեր Թոմաս Ջեֆերսոն կամ Թալեյրան չեն, բայց իջե՛ք ամպերից, կան նրանք ովքեր կան ու նրանց ուսերին է հենվում այս համեստ պետականությունը»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: