«Պետք է ուշադրության արժանացնել, որ Պուտինը մոբիլիզացիայի եւ հանրաքվեների մասին հայտարարում է Սամարղանդից հետո, որտեղ․․․»

Հակոբ Բադալյանը գրում է․ «Պետք է ուշադրության արժանացնել, որ Պուտինը մոբիլիզացիայի եւ հանրաքվեների մասին հայտարարում է Սամարղանդից հետո, որտեղ հանդիպեց երկու առանցքային սուբյեկտի՝ Սի Ցզինպինի եւ Մոդիի հետ: Իհարկե էլի հանդիպումներ եղան, բայց Ռուսաստանի համար եվրասիական ռազմավարությունում առանցքայինն էս երկուսն են:

Ինչ է ստացվել հանդիպումից Պուտինի համար, կամ ստացվել է, թե ոչ: Այստեղ կարծիքները կարող են լինել տարբեր: Ըստ իս, ինչ որ պայմանավորվածություններ ձեռք են բերվել, այլապես հազիվ թե Շանհայի Վեհաժողովին հաջորդեր հարձակողական գործողությունը: Իսկ մոբիլիզացիան եւ հանրաքվեն , ըստ իս, հարձակողական գործողության տրամաբանության մեջ է:

Ընդ որում, այդ ֆոնին ուշադրության է արժանի նաեւ մեկ այլ հանգամանք: Շանհայի կազմակերպության Վեհաժողովից հետո այդ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչը անդրադառնալով Թուրքիայի անդամության հեռանկարին ասում է, որ դրա համար Անկարան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից:

Սամարղանդի այսպես ասած շանհայան Վեհաժողովից հայտնի լուսանկարում Էրդողանը սեղանի գլխին էր, բայց իրական քաղաքականության ռեժիմում կարծում եմ Մոսկվան Դելիի եւ Պեկինի հետ ցույց է տալիս Թուրքիայի իրական տեղը: Բանն այն է, որ ՆԱՏՕ-ից դուրս եկած Թուրքիան մեղմ ասած կլինի քաղաքականապես զգալիորեն «նվաղած» Թուրքիա: Էրդողանը դա իհարկե հասկանում է, եւ բոլորն են հասկանում:

Նա թերեւս չի հասկացել հին չինական խոսքը՝ խնջույքի սենյակ երբ մտնում ես, մի վազիր սեղանի գլխին, նստիր անկյունում՝ քեզ կհրավիրեն: Էրդողանը նստեց «շանհայան» սեղանի գլխին, իսկ նրան անկյուն են քշելու, պայմանական իմաստով իհարկե: Դա չի նշանակում, թե նա չի կարող դուրս գալ անկյունից, պարզապես մենք պարտավոր ենք տեղի ունեցողին նայել տարբեր դիտանկյուններից»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: