«Դիմացի շենքի խենթ ու ակտիվ Արմանը մեծացել ու լուրջ տղա է դարձել․․․» անասելի հուզիչ պատմություն անմահացած Արմանի մասին

Անի Ավետիսյանը գրում է․ «Դիմացի շենքի խենթ ու ակտիվ Արմանը մեծացել ու լուրջ տղա է դարձել։ Զգաստ, հավասարակշռված, հոգատար։ Փոքր տարիքում բակից բակ հողի համար կռիվ էինք տալիս։ Հիշողությանս մեջ մանկության այդ դրվագն է, թե ինչպես էինք դույլերը ձեռքներիս իրենց բակից հողը բերում մեր բակ, հետո իրենք էին մեր բակի հողը տանում իրենց մոտ։ Նախորդ տարի հիշեցինք, ամաչեցինք մեր արածից, բայց մի լավ ծիծաղեցինք։ Չգիտեինք, որ մեծ տարիքում հողի կռիվն ուրիշ է լինելու ու էնքան դաժան, որ անկարող կլինենք ծիծաղով հիշել։

Մեծացանք, բայց ինքը միշտ մեր բակի փոքր Արմանը կմնա իր նուրբ դիմագծերով, իր մանկան ջինջ աչքերով, որոնց միջից կյանք էր առկայծում։ Էդ հողի դեպքը հիշեցինք ու դրա հետ մանկություն գնացինք։ Քույրը միայն Արմանից էր պատմում․ «Ուրիշ է Արմանը, ինձ միշտ հասկացող։ Ինքը Նժդեհյան գաղափարներով է ապրում։ Շատ հոգատար է Արմանը։ Որ ժամին էլ պարապունքը ավարտվի հանգիստ եմ, գիտեմ Արմանը գալու է ու տուն ճանապարհի։ Շուտով բանակ կգնա։ Կսպասենք, որ գա ու ամեն առավոտ 3-ով կգնանք համալսարան»։

Ուրախ ճանապարհեցին նրան, բայց իր գնալուց հետո խամրել էին ընտանիքի անդամների հայացքներն ու սառել տունը։ Ամիսներ առաջ արձակուրդ էր եկել։ Եկել ու իր հետ կյանք էր բերել։ Ընտանիքի անդամների ժպիտները պայծառացել էին, ընկերներն էլ առավոտից երեկո հավաքվում էին մեր բակում. ԱՐՄԱՆն է եկել։ Վերջին անգամ տեսանք, ուրախ ասաց․ «Վաղը գնալու եմ»։

Ընտանիքով գնացել էին Նրան տեսակցության ու ընտանիքի անդամների մասին միշտ մտահոգ, միշտ մտածող Արմանն ասել էր․ «Տատի խի՞ ես էդքան ճանապարհ անցել, ոտքերդ կցավեն, էս քարքարոտ ճանապարհը ո՞նց ես անցել։ Ես կգամ ինձ կտեսնեք»։ Տատն ուրախ պատմում էր մեզ, գնացել էր զինվոր թոռանը տեսնելու, աղջիկ թոռներից միակ տղան էր, բոլորի պաշտպանը։

Նրանց ընտանիքը հայրենասիրական ոգով էր մեծացել։ Արցախյան ազատամարտերից անմասն չէին մնում Արմանի հայրն ու հորեղբայրը։ Արմանենք մանկուց էին ծանոթ Եռաբլուրին, նրա ամեն քարին, հերոսական պատմություններին։ Ու նրանք մեծանում էին այդ պատմություններով։ Արմանի քրոջ հետ հերոսների բնակարաններ էինք այցելում, չգիտեինք, որ հերոսը հենց մեր կողքին է։ Թեև նա միշտ էր իր ընտանիքի հերոսը, լույսը։ Որ կարող էր առնել իր թևի տակ ու մոռացնել տալ բոլոր ցավերը։

Էս հերոսական ընտանիքում հերոս էր մեծանում։ Իրական հերոսին վայել բնավորության գծերով։ Ողջ գիշեր նայեցի Արմանենց պատուհանին, լույսը այդպես էլ չմարեց։ Լուրը մտավ փողոցից փողոց, բակից բակ ու հասավ դիմացի շենքի 5-րդ հարկ, որտեղ ապրում է Նա։ Լռում են ձայները ու բոլորի թախծոտ աչքերում ԱՐՄԱՆ է գրված։

Դպրոցում, այսօրվա դասը Արմանի մասին է.«Ամեն անգամ երբ պատմում էինք մի կարգապահ տղայի մասին, ով ամեն օր 10 էր ստանում, Արմանի մասին էինք պատմում»։ Մեր մանկության վերջակետն այսօր դրվեց։ Դիմացի շենքի մեր մանկության փոքրիկ Արմանը, այս գիշեր զոհվել էր պատերազմում, ու ես վստահ եմ, որ ինքը ինքնակամ որևէ առաջադրանք կատարելիս է զոհվել։ Խոնարհվում եմ»։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: