Ցավալի․ մահացել է հայկական կինոյի ականավոր դեմքերից մեկը․ մանրամասներ

Հայաստանի կնոգործիչների միության սոցհարթակը գրում է․ «Կյանքի 94-րդ տարում մահացել է հայկական կինոգործի վերջին մոհիկաններից՝ Հայաստանի կինոգործիչների միության անդամ ԳԵՈՐԳԻ ԴԱՎԻԴՈՎԸ, որի անվան հետ է կապված նաև Կինոյի տան, «Կինեմատոգրաֆիստների Դիլիջանի ստեղծագործական տան» և շատ այլ կինոնախագծերի իրականացումը:

Գեորգի Դավիդովը երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել հայկական կինոյում և իր նպաստն է բերել կինոգործի կազմակերպմանը, կինոմշակույթի և կինոմիջավայրի ձևավորմանը Հայաստանում: 1917-ին՝ շուրջ քսան տարի կինեմատոգրաֆիստների միությունում չլինելուց հետո, Հարություն Խաչատրյանի հրավերով Գեորգի Դավիդովը հյուրընկալվեց միությունում, իրեն շատ հարազատ Կինոյի տանը, ծանոթացավ միության ծրագրերին ու նախագծերին, անելիքներին, տանտիրոջ իրավունքով շրջեց միությունում, չափազանց հետաքրքիր հիշողություններով կիսվեց Կինոյի տան հայտնի պատի մոտ, որտեղ բացառիկ տարեգրություն կա, եղավ Կինոյի տան մեծ դահլիճում, «Բուխարու սրահում», զրուցեց գործընկերների հետ, իսկ հրաժեշտ տվեց հուզված, շնորհակալ իր «վերադարձի» համար:

Գեորգի Դավիդովն այն մարդկանցից էր, ով աներկբա ուրախանում էր զարգացումով, առաջընթացքով, Կինոյի տան ու կինոգործիչների միության նոր ձեռքբերումներով, և այսօր էլ շատ կուրախանար, եթե տեսներ այն հսկայական աշխատանքը, որ արվել և արվում է թողածը պահպանելու, զարգացնելու, նորը ստեղծելու, կառուցելու, նոր միջավայրեր ձևավորելու համար:

Մեր ցավակցություններն ենք հայտնում Գեորգի Դավիդովի ընտանիքի անդամներին, մերձավորներին, հարազատներին և մտերիմներին: Նա ապրեց շատ բազմաբովանդակ կյանք և այդ կյանքի մի մեծ մասը նվիրված էր հայկական կինոյին: Գեորգի Դավիդովի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին, ժամը 18։00-ից՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 13։00-ին, նույն տեղից»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: