«Հոկտեմբեր էր։ Ընկերս ամերիկացի ֆերմեր էր՝ ինձնից մի երեսուն տարով մեծ։ Երևանում էինք ծանոթացել, մտերմացել․․․»

Հենրիկ Պիպոյանը գրում է․ «Հոկտեմբեր էր։ Ընկերս ամերիկացի ֆերմեր էր՝ ինձնից մի երեսուն տարով մեծ։ Երևանում էինք ծանոթացել, մտերմացել։ Տարիքների տարբերությունը բացարձակապես չէր զգացվում։ Որ իմացավ՝ ես Վաշինգտոնում եմ ու մի շաբաթ զբաղված չեմ, Փենսիլվանիայից նստեց իր մեծ Մերսեդեսը, եկավ, ինձ գցեց մեքենայի մեջ ու տարավ իր տուն։

Վաշինգտոնից դուրս եկանք ու սկսեցինք խիտ անտառներով պատված սարերի միջով շարժվել դեպի Փենսիլվանիա։ Ընկերս խոսում ու խոսում էր, ինչ-որ բան էր պատմում, բայց ես չէի լսում, զարմացած, զմայլված շուրջս էի նայում։ Ծիծաղեց՝ ի՜նչ ա, աշուն չես տեսե՞լ։ Չէ՛, ես էդ տեսակի աշուն չէի տեսել։ Ես էդքան գունավոր աշուն չէի տեսել։ Ասես ամեն ծառն առանձին գույնով խնամքով ներկված լիներ՝ բաց կանաչ, մուգ կանաչ, կապտականաչ, դեղնականաչ, դեղին, նարնջագույն, կարմիր, մորեգույն, բոսորագույն, շագանակագույն, մանուշակագույն․․․

Իսկական իմպրեսիոնիստական ներկապնակի մեջ էինք հայտնվել։ Մենքենան գնում ու գնում էր, իսկ գույների էդ հրավառությունը չէր վերջանում։ Երբ փոքր էի, մենք Նոր տարվան տոնածառի գույնզգույն լույսերը սարի նման դարսում էինք բյուրեղապակյա սկահակի մեջ ու վառում։ Էնքա՜ն սիրուն էր։ Հիմա ես հայտնվել էի էդ սկահակի մեջ։ Էդ գույները կարծես լույս էին տալիս, շողշողում, ու հսկա սարերը դրանից թեթև-թեթև էին դառնում։ Իսկական հեքիաթ էր։ Չէիր հասկանում՝ աշնան արև՞ն ա լուսավորում սարերը, թե՞ սարերն են լուսավորում երկինքը․․․

Մի շաբաթ մնացի ընկերոջս մոտ։ Մեծ, երեք հարկանի տուն ուներ՝ սիրուն, խնամված այգով։ Շրջեցի նահանգում, լավ հանգստացա, իսկական կովբոյական ռեստորանում եղա, ինձ տարավ իր բարեկամների տուն, քրոջ հետ ծանոթացրեց, աղջկա հետ, թոռների հետ զրուցեցինք, կատակեցինք, ճաշեցինք։ Հետը գնացի աշխատանքի. մեծ թռչնաբուծական ֆերմա ուներ, նոր ածած թարմ ձու կերա, հավերի հետ բռնոցի խաղացի, տեսա, թե ոնց են բարձում հսկա բեռնատարները․․․

Հետո էլի նստացրեց մեծ Մերսեդեսն ու հետ բերեց Վաշինգտոն, բայց էդ աշունն ընդմիշտ մնաց ուղեղիս գորշ զանգվածի ամենախայտաբղետ անկյունում։ Դա իմ կյանքի ամենագունավոր աշունն էր»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: