Տիգրանը մանկուց աչքի է ընկել աշխույժ ու շարժուն բնավորությամբ։ Նա դպրոցից հետո դիմել է Թատերական ինստիտուտի Պարի ու ռեժիսուրայի բաժինը՝ ընդունվելով անվճար բաժնում։ Նա իրեն փայլուն է դրսևորել։
Ժպտերես և ուրախ երիտասարդը ուներ ժպիտով ասելիքը փոխանցելու սկզբունք։ Լինելով սկզբունքային մարդ՝ Տիգրանը սիրում էր, որ լինի հավասարություն և արդարություն։ Տիգրանի հարազատները նրան հիշում են որպես գերակտիվ ու ազնիվ մարդ։
Տիգրանը մեծ ադրենալինի սիրահար է եղել։ Ընկերները հիշում են, որ նա շատ է սիրել բարձունքներից թռնել՝ հաճույք ստանալով դրանից։ Տիգրանի թեթև և անհոգ բնավորության, տրամադրություն ստեղծելու վարպետության մասին են վկայում նաև նրա զինծառայող ընկերները։
Այսօր Տիգրանը կդառնար քսանհինգ տարեկան։ Տիգրանի հարազատները շարունակում են նրանով ապրել, նրա մասին անընդհատ խոսել ու պատմել։ Տիգրանն ընկել է մարտի դաշտում։ Նա ընկերների հետ հայրենի սահմաններին խրոխտ կանգնած է եղել մահվան պահին։