Յուրօրինակ արտաքին տեսքով, անասելի համեղ, բայց ոչ բարդ տեխնոլոգիայով ստացվող այս թխուկների համար պետք են հետևյալ փոքրաքանակ մթերքները.
Փափկած կարագը քիչ աղել: Եթե կարագը փոխարինեք մարգարինով, ապա աղել հարկավոր չէ: Աղած կարագին ավելացնում ենք շաքարափոշի ու հարում: Հարելով սպիտակեցնել մասսան, իսկ դրանից հետո ավելացնել առանձնացված երկու հավկիթի սպիտակուցային մասը:
Նորից շարունակելով հարելը ստանալ կրեմանման փրփրած ու պինդ մասսա: Այս մասսային աստիճանական սկզբունքով ավելացնել ալյուր, որի կեսը կարելի է նաև օսլայով փոխարինել:
Ոչ շատ պինդ, ոչ շատ ջրալի խմորային խառնուրդը տեղավորել աստղաձև ծայր ունեցող խոհանոցային կաղապարի մեջ: Կաղապարից խմորները աստղիկների ձևով տեղավորել թավայի մեջ:
Հետո մատով փոսիկ անել աստղիկների ձև ստացած խմորային գնդիկների մեջտեղի մասում: Փոսիկների մեջ լցնել ըստ նախընտրության մրգային եփուկ, ջեմ կամ շոկոլադային մածուկ:
Այնուհետև կարելի է թխել ու համտեսել: