Աղավնո համայնքի հետ կապված վերջին զարգացումները բոլորի համար լուրջ մտահոգության առիթ են դարձել։ Շատերն են իրենց հրապարակային խոսքում անդրադարձել համայնքի ու համայնքում բնակվող մարդկանց ապագա ճակատագրի հարցին։
Այս մասին հրապարակում է արել նաև Անիտա Հախվերդյանը, որն իր հարթակում գրել է․ «Ուղիղ մի շաբաթ առաջ Երևանում հանդիպեցի Աղավնոյի գյուղապետին՝ մի օրով էր եկել: Նստեցինք, որոշում առանք սեպտեմբերի 2-ին գյուղում երիտասարդեների համար մեկ օրյա վրանային ճամբար կազմակերպել:
Փոքր քայլերի մարտավարությունը միշտ գերխնդրի լավագույն օժանդակությունն է: Գերխնդի՞ր, ստրատեգիա՞, կա՞մք, պետությո՞ւն: Պետություն են իմ ընկերներն ու անծանոթ ընկերներն են, որոնք կաթիլ կաթիլ փորձում են վիրավոր Արցախին արյուն տալ:
Էսօր Հայկ Խանումյանը հրահանգել է մինչև օգոստոսի 25-ը դուրս գալ Աղավնոյից, Բերձորից ու Ներքին Սուսից: Ինձ ասեք՝ մարդու դիմադրողական շեմը որտեղ է ավարտվում, ինչքանից հետո է բանական մարդը գազան դառնում»։