Անի Քրիստին նոր ստեղծագործության կատարում է տեղադրել իր հարթակում։ Երգը վերնագրված է «Մամ»։ Երգչուհին խոստովանում է, որ իր տատիկի հետ շատ կապված է եղել և սիրել է նրան մայրիկի նման, քանի որ հենց նրա հետ է անցկացրել իր մանկությունը։
Անիի ծնողներն ապրել են արտասահմանում, իսկ Անին դպրոց է հաճախել Հայաստանում՝ ապրելով սիրելի տատիկի հոգատարության ու ջերմ հարկի ներքո։ Տատիկի մահը Անին ծանր է տարել։
Նա 2019 թվականին գրել է «Մամ» վերնագրով երգ, սակայն այն չի հանրայնացրել, այլ թողել է, ինչպես ինքն է ասում, իր սրտի մի անկյունում։ Այժմ երգչուհին արդեն հանրայնացնում է երգը՝ պատմելով դրա ստեղծման պատմությունը։
Անին ցանկանում է, որ իր երգի հնչյունները վեր բարձրանան և հասցեատիրոջը պատմեն իր ապրումների և անանց կարոտի մասին։
Անի Քրիստիի մատուցմամբ նրա իսկ հեղինակած հուզիչ ստեղծագործությունը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ։