«Շենգավիթ» ԲԿ-ի հարթակում հերթական ուրախալի և ապշեցուցիչ տեղեկությունն է տարածվել։ Ըստ այդմ հասկանալի է դառնում, որ հիվանդանոցում բացառիկ կլինիկական դեպք է գրանցվել։
38 ամյա կինը, որ պատրաստվել է վերստին մայր դառնալ, հաշվառվել է «Շենգավիթ» ԲԿ֊ում: ՈՒՁՀ հետազոտության ժամանակ ախտորոշվել է արտարգանդային և արգանդային հղիություններ միաժամանակ, որը համարվում է կլինիկական բացառիկ դեպք։
«Շենգավիթ» ԲԿ֊ի Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, բ․գ․թ ուռուցքաբան֊գինեկոլոգ, էնդոսկոպիկ վիրաբույժ Հայկ Մկրտչյանի կողմից կատարվել է աջակողմյան տուբէկտոմիա լապարոսկոպիկ եղանակով՝ արտարգանդային հղիության ընդհատման կապակցությամբ:
Այսինքն՝ հղիության առաջին փուլում լապարասկոպիկ եղանակով հեռացվել է արտարգանդային հղիությամբ ձևավորված պտուղն, ու պրոֆեսիոնալ և սրտացավ անձնակազմի համատեղ աշխատանքի շնորհիվ՝ պահպանվել արգանդային հղիությունը։
Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է Արաքս Հակոբյանի հսկողության ներքո։ 38-ամյա պացիենտ Մ․Ժ֊ն ունեցել է նաև բարդացած մանկաբարձական անամնեզ՝ սպի արգանդի վրա երկու կեսարյան հատումներից հետո, և բարդացած գինեկոլոգիական անամնեզ:
Եվ չնայած բարդություններին՝ հղիության հասուն փուլում կեսարյան հատման ճանապարհով ծնվել է 3կգ․ քաշով և 50սմ․ հասակով առողջ տղա՝ շնորհիվ «Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմի մասնագիտական բարձր որակումների և հոգատարության։ Մայրն ու փոքրիկն իրենց հրաշալի են զգում և արդեն տանն են