Միջպետական կոմունիկացիոն ուղիների բացման մասին հետպատերազմյան ժամանակահատվածում բազմիցս է խոսվել ու քննարկվել։ Թեման հիմնավոր ու թեժ բանավեճի առիթ է։ Կարծիքները տարբեր են և իրարամերժ։ Քննարկման առանցքում հայկական շահն է։
Կոմունիկացիաների բացման առաջին ջատագովներից է Ադրբեջանի ղեկավարությունը։ Այս առիթով քաղաքագետներից Լևոն Շիրինյանը գրում է հետևյալը․ «Ակնհայտ է, որ Թուրքիայի հետ ՀՀ տարածքով երկաթուղային (նաև ավտոմոբիլային) հաղորդակցության կազմակերպման առումով Ադրբեջանը շտապում է: Շատ է շտապում:
Դա նշանակում է, որ հայկական կողմը կարող է ու պարտավոր է դադարեցնել այդ ուղղությամբ ամեն կարգի աշխատանք ու քննարկում, մինչև Ադրբեջանը պաշտոնապես չդադարեցնի «միջանցքի» վերաբերյալ ամեն մի զառանցանքի արտաբերում:
Քննարկումներն ու կատարվելիք աշխատանքները կարող են տեղի ունենալ բացառապես Ինքնիշխան Հայաստանի տարածքով ու բացառապես հայկական պետության բացարձակ վերահսկողությամբ երթուղային (ավտոմոբիլային) հաղորդակցության կազմակերպմանը»,- իր առաջարկ պարունակող հրապարակումը եզրափակել է հայտնի քաղաքագետը: