Տիգրան Մանսուրյանի դուստրը՝ Նվարդը, առաջին կուրսում մեր դասընկերուհին էր․․․

Տիգրան Մանսուրյանի տարեդարձի առիթով գրող Անուշ Սարգսյանը գրում է․ Տիգրան Մանսուրյանի դուստրը՝ Նվարդը, առաջին կուրսում մեր դասընկերուհին էր։ Բայց ուշքն ու միտքը Թատերական տեղափոխվելն էր՝ Հենրիկ Հովհաննիսյանի ունկնդիրը և ուսանողը դառնալը։

Կիրովականից Երևանում ուսանելու եկածիս համար նման երևելի դեմքի դստեր հետ սովորելը իմ փոքրիկ քաղաքում և մերձավորներիս շրջանում պատմություններով գլուխ գովալու առիթ էր իհարկե։ Բայց ոչ Նվարդն էր բաց շփման համար, ոչ էլ՝ ես, առանձնապես։ Քիթը ցից էր մի քիչ, ուներ իր «կռուգը», իր մտերիմ ընկերներին։

Սակայն մի որոշ ժամանակ անց ինձ սկսեց ուշադրության չնչին նշաններ ցուցաբերել։ Այդ վերաբերմունքին, շուտով հասկացա, արժանացել էի հայերենի իմացությանս համար և պիտի Նվարդին, որը շատ էր բացակայում դասերից, օգնեի «կուրսի» գար՝ տարեվերջի քննությանը մասնակցել կարողանալու համար։

Այդպես ես մի օր հայտնվեցի Երևանի «Զեփյուռ» հայտնի վարսավիրանոցի ետևի շենքերից մեկում, Աբովյան փողոց, էլիտարների միջավայր։ Այդտեղ ես առաջին անգամ, շունչս պահած, տեսա հեքիաթային կինոերաժշտության մոգին՝ մաեստրո Մանսուրյանին, տեսա նրա չքնաղ կնոջը՝ տիկին Նորային, հարսին, թոռներին, ու հասկացա, թե իսկական էլիտան, ո՛չ էրեվանցու «մեռկեքով», ինչպիսին է։

Համեստագույն կահավորված բնակարան, չճչացող, «չեխական»֊ից շատ հեռու լյուստրաներ, ու միակ աչքի ընկնող » կարասին»՝ ռոյալը, հյուրասենյակում։ Նվարդի հետ իհարկե հայերեն պարապեցինք, նա հաջողությամբ փոխադրվեց երկրորդ կուրս և լքեց բանասիրությունը հավերժ, սակայն ես տեսածիս, զգացածիս համար մնացի նրան միշտ հիշող և երախտապարտ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: