Այսօր լարված ու ցավալի լուրերով հարուստ լրահոսում հատկապես լուսաշող ու հուսադրող է փոքրիկ Մարիամի ծնունդը։ Մարիամը արցախյան վերջին պատերազմում անմահացած Գարիկ Հովակիմյանի քույրիկն է։
Նրա մայրը որոշել է նոր ծնունդ տալ՝ այդպիսով պատասխանելով պատերազմ կոչվող չարիքին։ Մարիամի լուսաշող ծննդյան մասին տեղեկություն է տեղադրել Շենգավիթի ծննդատան սոցհարթակը։
Սոցհարթակում տեղեկությունից բացի տեղադրված են նաև լուսանկարներ, որտեղ երևում են նաև այն բժիշկները, ովքեր մասնակցել են Մարիամի լույս աշխարհ գալու գործընթացին։ Բալիկը ծնվել է նորմալ քաշով ու հասակով։
Հիվանդանոցային սոցհարթակի տեղադրած տեղեկության մեջ մասնավորապես ասվում է հետևյալը․ «Լուսանկարից ժպտացող բժիշկների օգնությամբ լույս աշխարհ է եկել 44֊օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը՝ Մարիամը։
Մարիամը 40 ամյա Ալինա Աղայանի երրորդ երեխան է։ Ծնվել է 3300 գրամ քաշով և 50 սմ հասակով։ Մարիամի լույս աշխարհ գալը նոր հույսի շող ու ապրելու մեծ ցանկություն է բերել Հովակիմյանների ընտանիքին։ Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին»։