«Ընտանիքներ են քանդվում, հարազատներ են թշնամանում, փողոցներում հայտնված ճակատագրեր են խեղվում ու փշրվում․․․» Ազատ Աբրահամյանի կարևոր գրառումը

Երաժիշտ Ազատ Աբրահամյանը գրում է․ «Միշտ վանել եմ «մարդ-դերասաններին»։ Էդ իմ ճանաչած «արվեստներից» էդպես էլ ուսյալ չդարձած ապաշնորհություններից է։ Հոգնեցի խրատական դասախոսություններից, թե՝ է՜դ է հիմա։ էս աշխարհը, ապրել ես ուզում, պիտի «բաժանորդագրվես»։

Էդպես հա՜ գնացին-էկան էդ «ուսյալ-ամենագետները», մեղադրեցին՝ թե ինձ համար են անհանգստանու՜մ, ինձ համար են ջանում ու չարչարվու՜մ, իսկ ես հոգնեցի ամեն անգամ նույնը կրկնելով, թե, եղբա՜յր, շնորհակա՜լ եմ, Աստված թող բազմապատկի աշխարհընկալման ձեր տաղանդներն ու շնորհները, բայց ես ուզում եմ սեփական օգտագործման՝ ի՜մ ապաշնորհը մնալ։

«Մարդ-դերասանությունն» էսօր «բարձր մշակույթի» լոկոմոտիվներից է, որովհետև հոգեարժեքային արվեստներից բան չի մնացել։ Խղճից նրանք ենք խոսում, ովքեր դրա մասին հիշում են միայն, երբ գրպանը շոյող ինչ որ մի «որովայնայի՜ն երջանկություն» է շոշափվում։

Էնքա՜ն բարեհամբույր են դառնում, էնքա՜ն բարեգութ, մարդասե՜ր, քիչ է մնում ասես՝ այ մարդ, սպասիր սրանց ճակատը «խաչքարի» տեղ մի հատ համբուրեմ։ Գրականո՜վ են խոսում։ Որտեղից-որտեղ տեղեկանում, ու ընդամենը վայրկյաններ անց արդեն ներկա են գրվում, ինչ է թե՝ պարտավո՜ր են հարազատի պես կողքիդ լինել, հաջողություններդ էլ « հարզատի» նման կիսել. բա քեզ համար ո՞նց չուրախանան։

Ու ո՜նց պտտվում ես՝ էս է։ — Նոր աշխարհ է — ասում են, — Է՜դ է հիմա։ Ընտանիքներ են քանդվում, հարազատներ են թշնամանում, փողոցներում հայտնված ճակատագրեր են խեղվում ու փշրվում։ Ոմանք կու՜շտ ստամոքսների ծանրացած մարսողություններից են դժգոհում,ոմանք էլ էս աշխարհի անտերուդուրս արդարություններից, որ իրենց զավակներին ստիպում են քաղցած գիշերների հուսադրող հեքիաթներով կերակրվել։

Ովքե՞ր են կրթողներն ու բժշկողները։ Թե՞ միայն քաղաքացու իրավունքն է՝ ով, և ինչպիսին լինելու ընտրության մենաշնորհները։ Բա էս ամեն ինչի մեջ չքանդվի՞ արժեքայինը, չմասնատվի՞ հավատը, խիղճը չփշրվի՞, որ հոգին՝ մարմնին կապողն է, թշնամին էլ բա «քեֆ-ուրախությունների» չգա՞։ Այ, էսքան իջել ենք, պարոնայք՝ «մարդ-դերասաններ»։ Զիջել ենք»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: