«Կանայք էլ ետ չէին մնում չակերտավոր տղամարդկանցից․ այնպիսի բաներ էին գրում, որ կարդալիս անգամ աչքերս այրվում էին․․․»

Գրող Էլյա Համբարձումյանը գրում է․ «Երեկվանից ուզում եմ գրել այս մասին։ Վարչապետի ելույթն էի լսում ու կարդում քոմենթները։ Ես ցավով մի բան հասկացա, որ այն պետությունը, որտեղ մարդիկ կարող են իրենց թույլ տալ ընտրված ղեկավարի հասցեին այդպիսի հայհոյանքներ տեղալ, նույնիսկ առանց հաշվի առնելու, որ թշնամին մեզնից ակտիվ ունկնդիր է և, որ կանայք էլ են կարդում,ներողություն եմ խնդրում Նաստրադամուս «աշխատելուս» համար, բայց մենք դատապարտված ենք պետություն չունենալու։

Այսինքն՝ կանայք էլ ետ չէին մնում չակերտավոր տղամարդկանցից․ այնպիսի բաներ էին գրում, որ կարդալիս անգամ աչքերս այրվում էին։ Ծայրահեղ անգրագետ, օտարատառ ու փայլուն երևակայությամբ՝ իրենց կատարելիք սեռական գործողությունների նկարագրով։ Եթե թշնամին ֆիզիկապես է փորձում ոչնչացնել, ապա այդպիսիք՝ բարոյապես, որն ավելի քան սարսափելի է։

Կարող եք համաձայն չլինել ղեկավարի հետ, կարող եք զղջալ ձեր սխալ ընտրության համար ավելի ցիվիլ ձևով, բայց կեղտոտել եթերը հայհոյանքով, դա նման է դժոխքի բացված դռներից դուրս թափվող անմաքուրների հարձակման։ Ես Վարչապետին գրած իմ նամակում շեշտել էի,որ ղեկավարը ուժեղ պետք է լինի, ցավոք, տեղ չի հասել գրածս։ Ես քաղաքագետ չեմ, ճիշտուսխալ չեմ կարող անել, բայց մարդ եմ, ում ունկերը սովոր չեն հայ մարդուց հայհոյանք լսել։

Պետք չէ փորձել ինձ ապացուցել, որ ստիպված եք գնում դրան․ ոչ մի բան չի կարող արդարացնել այդպիսի վերաբերմունքը երկրի հանդեպ։ Նողկալի է այս ամենն ու ծայրահեղ ցավալի։ Խնդրում եմ ի պաշտպանություն զազրախոսների ոչինչ չգրել․ պայքարի այդ ձևն անընդունելի է ինձ համար»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: