Տիկին Սոֆյայի հոգին բառացիորեն հանեցին այդ անարդարությամբ. նա չափազանց ծանր էր տանում ու նեղսրտում էր․․․

Էդմոն Մարուքյանը գրում է․ «Այսօր Վանաձորում վերջին հրաժեշտը տվեցինք մեր սիրելի դասախոս, Վանաձորում շատ հարգված երկար տարիների մանկավարժ տիկին Սոֆյա Քալանթարյանին։ Երկու օր առաջ նա մահացել էր սրտի կաթվածից։

Տիկին Սոֆյան հայտնի էր նաև իր քաղաքական սկզբունքային դիրքորոշումներով, և ես այս օրերին վերհիշեցի, որ 2008թ. նախագահական ընտրություններին նա եղել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը Վանաձորում, ընտրությունների ժամանակ նա ակտիվ պաշտպանել էր քվեարկության արդյունքները՝ անզիջում պայքարելով ընտրակեղծիքների դեմ։

2008թ. մարտի 1-ից հետո, ինչպես հիշում եք, բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին ակտիվիստների, ցույցերի մասնակիցների, Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, այդ թվում՝ տիկին Սոֆյայի դեմ՝ ցուցմունք կորզելով առ այն, որ նա իբր խաթարում էր ընտրական գործընթացը տեղամասում։

Այդպիսով, Վանաձորում հայտնի և հարգված տիկին Սոֆյայի դեմ Լոռու մարզի դատախազության մակարդակով մեղադրանք ներկայացվեց դատարանում։ Տիկին Սոֆյայի պաշտպանությունն ստանձնել էինք ես և փաստաբան Կարեն Թումանյանը։

Երեք ատյաններում պաշտպանեցինք տիկին Սոֆյային՝ չհասնելով արդարացման դատավճռի, սակայն նրա նկատմամբ նշանակվեց տուգանք, այլ ոչ թե ազատազրկում։ Կարծում եմ, որ այստեղ դեր խաղացին հատկապես նրա կին և հայտնի մանկավարժ լինելու հանգամանքները։

Տիկին Սոֆյայի հոգին բառացիորեն հանեցին այդ անարդարությամբ. նա չափազանց ծանր էր տանում ու նեղսրտում էր իր և հարյուրավոր այլ մարդկանց նկատմամբ տեղի ունեցող ապօրինություններից։ Կարծում եմ, որ եթե չլիներ այդ ապօրինությունը, տիկին Սոֆյայի սիրտը միգուցե ավելի երկար դիմանար, և նա այսօր մեզ հետ կլիներ. այս իրողությունը հատկապես ավելի ցավալի է այս օրերին, երբ հայտնի պատճառներով մեզ համար թանկ ու հարազատ մարդիկ մեզ հերթով լքում են։

Պատերազմից առաջ պլանավորել էինք դիմել Վճռաբեկ դատարան՝ նորոգելու գործը և հասնելու արդարացման ակտի, բայց սկսվեց պատերազմը, այնուհետև ներքաղաքական ցնցումներն ու արտահերթ ընտրությունները, և այդպես էլ ժամանակ չունեցանք վերսկսելու պրոցեսը, սակայն տիկին Սոֆյան արդար էր և արդար էլ գնաց այս աշխարհից։ Խաղաղություն քեզ, տիկին Սոֆյա ջան»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: