Մեր ժամանակի հանճարեղ մտավորականներից մեկը՝ Սոս Սարգսյանը, արդեն ութ տարի է, ինչ ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն նրա արտահայտած իմաստուն մտքերը հաճախ են հայտնվում համացանցային հարթակներում և մեր մտահոգությունների ծիրում։
Սոս Սարգսյանի մասնագիտական ու հասարակական գործունեության մասին գիտեն շատերը, սակայն քչերը գիտեն, թե ինչ ընտանիք ունի մեծ մտածողը, և ինչպիսին է եղել նա ընտանիքում։
Սոս Սարգսյանի տիկինը՝ Նելլի Սարգսյանը, մասնագիտությամբ երաժիշտ է, սակայն նաև շատ սիրում է թատրոնը։
Հենց թատերական արվեստի հանդեպ մեծ սերն է, որ առիթ է դարձել երկու արվեստասեր անհատների ճանապարհների խաչվելուն։
Տիկին Նելլին մեծ դերասանի հետ ապրել է շուրջ քսանհինգ տարի և վստահաբար ասում է, որ ամուսինն էլ երաժշտությունն է շատ սիրել, ինչն էլ պատճառ է դարձել, որ նրանց ընտանիքում լինի ներդաշնակ միջավայր։
Ամուսինները տղա և թոռնիկ ունեն։ Տիկին Նելլին նաև նշում է, որ Սոս Սարգսյանը շատ ուշադիր և նրբանկատ ամուսին է եղել։