Ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը․ մանրամասներ

ԱԱԾ հաղորդագրությունից և ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունից տեղեկանում ենք, որ անցնող գիշեր դարձյալ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ սադրանք է եղել հայկական պետական տարածքի նկատմամբ։

Մասնավորապես, գիշերը ժամը տասնմեկի մոտերքում ադրբեջանական շուրջ հիսուն զինվորականներ նախաձեռնել են Գորիսից Կապան տանող ճանապարհը փակելու գործընթաց, որի արդյունքում հիմա փակ է ճանապարհային Կարմրաքարից Շուռնուխ տանող հատվածը։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ներկա պահին շարունակվում են բանակցային գործընթացներ, որպեսզի բացվի ճանապարհը։ Տարհանվել են տեղում եղած տրանսպորտային բոլոր միջոցները։ Ա․ Թաթոյանը հայտնել է, որ այդ գործընթացը հնարավոր է եղել իրականացնել հայ և ռուս սահմանապահների՝ տեղում վարած բանակցությունների շնորհիվ։

Ա․ Թաթոյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է հաղորդագրություն ուղարկել համապատասխան միջազգային կառույցներին՝ տեղեկացնելու համար, որ այդպիսով խախտվել է նախ բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքը, ապա նաև անվտանգությունը։

ՄԻՊ-ը տեղի ունեցածը բացահայտ հանցագործություն է որակում։ ԱԱԾ հաղորդագրության մեջ կոչ է արվում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: