Այսօր խորհրդարանը քննում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների ընտրության հարցը։ Որպես խմբակցության ղեկավար՝ Ա․ Վանեցյանն առաջարկել է նախկին ՔՊ-ական Թագուհի Թովմասյանի թեկնածությունը։
Այս քննարկումների շրջանակում պատգամավորները Թ․ Թովմասյանին են ուղղում իրենց հարցերը։ Հարց հնչեցնողներից մեկն էլ Զարուհի Բաթոյանն է, ով հետաքրքրվում էր, թե Ա․ Վանեցյանը ի՞նչ կապերով էր պատրաստվում լուծել գերիների հարց, երբ ամիսներ առաջ հստակ հայտարարություն արեց այդ մասին։
Մասնավորեցնելով հարցադրումը՝ Զարուհի Բաթոյանը հարցրեց, թե արդյոք դրանք անձնական կապեր են, թե՞ իրենց կառավարության տարիներին ԱԱԾ պետի պաշտոնում ձեռք բերված կապեր։
Ի պատասխան հարցադրման՝ Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ Ա․ Վանեցյանը տարիներ շարունակ ԱԱԾ սպա է եղել, ուստի նոր չէ, որ նա կապեր պետք է հաստատեր արտերկրի հեղինակավոր անձանց հետ։ Զ․ Բաթոյանի մյուս հարցն այն էր, թե արդյոք հիմա հնարավոր կլինի Թ․ Թովմասյանի միջոցով այդ գերիների հարցը բարձրացնել և որոշակի լուծում տալ։
Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ պայմանը իշխանություն լինելն է, իսկ իրենք ընդդիմություն են, ուստի՝ ոչ։