Հնդկաչին թերակղզու վրա գտնվող բավականին ինքնօրինակ ու հետաքրքիր երկիր է Վիետնամը։ Այստեղ կարելի է հանդիպել բազմաթիվ ուշագրավ իրողությունների, համարձակ ու յուրատեսակ լուծումների, որոնք պայմանավորված են նաև երկրի աշխարհագրական տեղակայմամբ ու կենսապայմաններով։
Այստեղ մարդկային երևակայությունը բավականին վառ է ու ստանդարտներից դուրս։ Օրինակ Վիետնամում կարելի է հանդիպել մի ուշագրավ ու գողտրիկ անկյունի, որը գործում է որպես սուրճի ռեստորան։
Ռեստորանը վիետնամյան Հո Շի Մին անունը կրող քաղաքում է գտնվում: Ռեստորանն ինքնատիպ է նրանով, որ հատակն ամբողջությամբ ջրապատ է։ Այս ռեստորանը մտնելուն պես հարկ է անմիջապես հանել կոշիկները և մի լավ լվանալ ոտքերը:
Հետո այցելուին ուղեկցում են ներս։ Ռեստորանը բաղկացած է երկու հարկից, որոնց հատակը մոտ 25 սմ ջրով է լցված, իսկ այդ ջրի մեջ լողում են հարյուրավոր զվարճալի ձկներ։
Ստացվում է՝ այցելուները մինչ սուրճ են խմում, նրանց ոտքերի մոտ պտտվում են գույնզգույն ձկնիկներ։