Օրեր առաջ հանրայնացվեց տեղեկություն այն մասին, որ Շիրակի մարզի գործող մարզպետը հրաժարականի դիմում է գրել: Նշենք, որ արդեն նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը քառասուներկու տարեկան է. նա ամուսնացած է և երկու դուստր ունի:
Տիգրան Պետրոսյանի հրաժարականից հետո այսօր կառավարության ընթացիկ նիստում քննարկվել է նոր մարզպետի նշանակման հարցը: Քննարկման է դրվել Հովհաննես Հարությունյանի անունը: Նրա թեկնածությունը հավանության է արժանացել, և այսպիսով Շիրակն այլևս նոր մարզպետ ունի:
Այս մասին իր սոցհարթակում հրապարակում է արել նաև շիրակցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Նա շնորհավորել է նորանշանակ մարզպետին՝ գրելով հետևյալը.
«Հովհաննես Հարությունյան ջան, շնորհավորում եմ, վստահ եմ` ողջ ներուժդ ծառայեցնելու ես հանուն մեր մարզի զարգացման և Շիրակցիների բարօրության համար։ Ի գործ, եղբայր»,- իր շնորհավորական խոսքն ավարտել է Կարեն Սարուխանյանը:
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը մասնագիտությամբ բժիշկ է, եղել է Առողջապահության նախարարի խորհրդականը, սովորել է Մոսկվայի բժշկական ակադեմիայում: